Շոուի մի մաս է. Լևոն Քոչարյանը՝ «մարտի 1»-ի գործի վերաբացման մասին
«Գործը մակագրվել է մի դատավորի, ով եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու։ Նման մարդուց արդարադատություն ակնկալելն անմտություն է»,- «մարտի 1»-ի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե մտավախություն չունի, որ իր հորը՝ Ռոբերտ Քոչարյանին կրկին կկալանավորեն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Իրավական առումով, թվում է, թե նման հնարավորություն չեն կարող ունենալ, բայց մենք վերջին 6 տարիներին այնքան բան տեսանք, որ այս իրավական ամենաթողության շրջանում ինչ ուզեն, կարող են անել։
Շատ բան ենք տեսել, չենք կարող բացառել»։
Հարցին, թե ինչո՞ւ են դարձյալ «մարտի 1-ի» քրեկան գործը վերաբացել, երբ վաղեմության ժամկետն արդեն անցել է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Հայրս մեկուկես տարի նստել է մի հոդվածով, որը, փաստորեն, հակասահմանադրական էր, այնպես որ, իրենք պարտավոր էին ներողություն խնդրել։ Իրենք ամեն գնով այսքան ապօրինությունների գնում են, որ ներողություն չխնդրեն, երկրորդ՝ ավելորդ քաշքշուկ ստեղծեն թե մեզ համար, թե նորից խոսելու առիթ ստեղծեն։ Ու սա անում են մարդիկ, որոնց պատճառով հայրենիքի մեծ է կորել, հազարավոր մարդիկ են զոհվել։ Բայց փորձում են 16 տարվա դեպքերը, որոնց առանցքային դերակատարներ էին հենց իրենք, ակտիվ պահել։ Շոուի մի մաս է»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նշենք, որ այս գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Հարակից հրապարակումներ`
- Ես եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով ու մեկ նպատակով. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին
- Իրավական որակումը փոխվելու է. «Մարտի 1»-ի գործով դատախազ
- Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «մարտի 1»-ի գործի քննությունը
- «Մարտի 1»-ը բացահայտել ենք… Պարզապես ՍԴ որոշումից հետո կոռեկտ չէ՝ այլ կարծիք հայտնեմ. Սասուն Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան