Կամերային նվագախումբը 6 երկրների և 9 քաղաքներում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
Հոկտեմբերի 16-31-ը Հայաստանի պետական կամերային նվագախումբը կունենա բացառիկ համերգային շրջագայություն՝ «Շառլ Ազնավուր – 100» խորագրով։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ հյուրախաղերի նպատակն է հարգել Ազնավուրի հիշատակը, ներկայացնել նրա ստեղծագործական ժառանգության լավագույն նմուշները և վերապրել այն հույզերն ու սերը, որ շանսոնյեն ոգեշնչում էր սերունդներին: Համերգային շրջագայությունը կընդգրկի 6 երկրներ և 9 քաղաքներ, որտեղ տեղի կունենան հուզիչ 9 համերգներ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
Կհնչեն Ազնավուրի անմահ ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով, որոնք նոր շունչ կհաղորդեն նրա հայտնի երգերին:
Համերգների ծրագրերում ընդգրկված են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Ազնավուր, Կոմիտաս, Ամիրխանյան, Մանսուրյան, Ալթունյան և Ահարոնյան:
Շրջագայության առաջին 5 համերգները կղեկավարի դիրիժոր Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա), մենակատարներ՝ Սիփան Օլահ (տենոր), Աստղիկ Վարդանյան (ջութակ), Հայարփի Եղիկյան (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Սոնա Բարսեղյան (դաշնամուր): Գերմանիայի Թյուբինգեն քաղաքում համերգը կղեկավարի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգը, իսկ Շտուտգարտում՝ դիրիժոր Ֆրից Կրեմերը։ Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ) և Սոնա Բարսեղյան (դաշնամուր):
Ֆրանսիայի Ստրասբուրգ և Նանսի քաղաքներում նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Գարիկ Քյուրկչյանի ղեկավարությամբ: Մենակատարներ՝ Աստղիկ Վարդանյան (ջութակ), Սոնա Բարսեղյան (դաշնամուր), ինչպես նաև երգիչներ՝ Արայիկ Ավանեսյան և Վարդուհի Թորոյան:
Հիշեցնենք, որ 2024 թվականին նշվում է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Այս համերգային շրջագայությունը խոստանում է դառնալ բացառիկ մշակութային իրադարձություն, որը կամրջում է սերունդներին և նորից վեր է հանում Ազնավուրի երգերի հավերժական թեմաները՝ սեր, կարոտ, երազանք և հույս:
«Շառլ Ազնավուր – 100» համերգային շրջագայությունը ոչ միայն մեծարում է վարպետին, այլև հաստատում նրա տեղը երաժշտության պատմության մեջ՝ որպես ժամանակակից աշխարհի մեծագույն արտիստներից մեկը:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի շրջագայությունը կայանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։