Այսօր մենք չենք կարող ասել, որ քաղաքացիներն ունեն արդարության զգացում ՀՀ-ում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:
«Այո, Կառավարությունը որոշում է կայացրել էականորեն բարձրացնել, ՔԿ-ի, դատախազության, դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում, ենթակառուցվածքների հաստատման։ Սա առաջին հերթին վստահություն է այս մարմինների նկատմամբ։ Սա ներդրում է Հայաստանում արդարություն հաստատելու գործում։ Արդեն 6 տարուց ավելի զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգը այսօր նույնքան հրատապ է Հայաստանում, քան հրատապ էր 2018-19թթ-ին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․
«Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ քաղաքացիներն ունեն արդարության զգացում ՀՀ-ում»։
Նա նշեց, որ եկել է այն փուլը, երբ ժողովուրդը պետք է ստանա արդյունքները արդարության և արդարադատության օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով։