Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը.Շահվերդյան
«Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հայտնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
«Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հանրային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։
ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զանգվածային շարժման համակարգողի գործառույթը»,- գրում է նա՝ ավելացնելով, որ գուցե նույնիսկ պետք է սկսեն այսօրվա հավաքից։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախաձեռնությամբ ակցիա է կայանալու. մասնավորապես ժամը 11:00-ին, նախատեսում են ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նամակներ են փոխանցվելու հասցեատերերին՝ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպել ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։
Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի իշխանությունները հայտնում են՝ արդեն 3000 մարդ է ապրում օկուպացված Ստեփանակերտում
- Ադրբեջանցիները Ստեփանակերտում զենքի պահեստներ են հայտնաբերել
- Իլհամ Ալիևը Ստեփանակերտում տոնական խարույկ է վառել և շնորհավորել ադրբեջանցիներին
- Ադրբեջանի վարչախումբը Ստեփանակերտում ապամոնտաժել է Շարլ Ազնավուրի հուշարձանը
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է Ալեք Մանուկյանի արձանը Ստեփանակերտում
- Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում վերացրել է գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին
- Ադրբեջանի կողմից վանդալիզմի դեպքեր՝ Ստեփանակերտում