Նկարիչների միությունում բացվել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը. «Նա համաշխարհային հնչեղություն ունեցող նկարիչ է»
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ ապագայից» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Կոլաժի ու ասամբլյաժի տեխնիկայով ստեղծված ինքնատիպ աշխատանքները, արվեստագետի ժամանակակիցների խոսքերով, այնքան էլ արժանի գնահատականի չէին արժանացել, և հիմա ժամանակն է «գիտակցելու Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի նշանակությունը և կարևորելու նկարչի դերը հայ ժամանակակից՝ հատկապես մերօրյա արվեստում»։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բացվել է շատ հետաքրքիր արվեստագետի ցուցահանդես։
«Բարձր եմ գնահատում Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի արվեստը։ Նա սերում է Բաժբեուկ-Մելիքյաններ արվեստագետների ընտանիքից։ Հետաքրքիրն այն է, որ նա ոչ մեկին նման չէ, բայց ամփոփում է բոլոր արվեստագետներին, որոնք սերում են Բաժբեուկ-Մելիքյանիների ընտանիքից։ Այն պարզությունը, հոգևորը, որ կա նրա արվեստում, ճչում է իր ամեն մի ստեղծագործությունից»,- ասաց Ս.Սաֆարյանը։
Նկարչի որդին՝ օպերային երգիչ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանն ասաց, որ վաղուց է մտադրություն ունեցել կազմակերպել ցուցահանդես հենց Նկարիչների միությունում։
«Հիմա այն ժամանակն է, երբ պետք է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը ցուցադրվի։ Հայրս էր ասում՝ ժամանակից առաջ եմ գնացել, այդ պատճառով ինձ չեն հասկանում։ Նա ասում էր՝ 20-25 տարի հետո մարդիկ կսկսեն հասկանալ, որ այսպես էլ կարելի է նկարել։ Մահվանից 20 տարի է անցել։ Կարծես թե շատերը սկսում են հասկանալ այն արվեստը, որ ստեղծել է հայրս»,- ասաց Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։
Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում են ընտանիքին, կան նաև մասնավոր հավաքածուներից գործեր։
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել աշխատանքները հարցին ի պատասխան, նա ասաց. «Այդ գործն իմ փոխարեն հայրս է արել։ Նա ոչնչացրել է երևի թե 600-700 գործ, թողել է այն գործերը, որոնք ճիշտ էնեգետիկա ունեն։ Նա ասում էր՝ նկարչությունը լինում է առանց իզմերի, իզմեր գոյություն չունեն, գոյություն ունի միայն ողջ և մեռած նկարչություն։ Ինչը համարել է էներգետիկ առումով թույլ գործ, ոչնչացրել է, թեև ես այդ հարցում իր հետ համամիտ չեմ»։
Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի խոսքով, երիտասարդ սերունդն ավելի արագ է ընկալում այն արվեստը, որ ստեղծել է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը, քան 1990-ականներին էր։
Արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանի խոսքով, կարևոր ցուցահանդես է մեր քաղաքում, երկրում, հայաստանյան իրականության մեջ, նաև համաշխարհային։
«Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը համաշխարհային նշանակություն ունեցող նկարիչ է, որովհետև նա վերցրեց 20-րդ դարի ամենահզոր, կարևոր կոնցեպտներից մեկը, այսինքն՝ արվեստ, որը ներսից է գալիս, արվեստի փիլիսոփայությունը, և արվեստ, որը մեզ թույլ է տալիս մտորել, մտածել։
Նա չի պատկանում ոչ մի իզմերի։ Նա առանձին մի անհատականություն է, նա հայ արվեստի հպարտություններից մեկն է, արժանի զավակ արժանի ընտանիքի՝ Բաժբեուկ-Մելիքյանների տոհմի, բայց միանգամայն առանձին, ուրույն»,- ասաց նա։
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը՝ հայկական դասական գեղանկարչության համահիմնադիր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, քույրերը՝ նկարչուհիներ Լավինիա և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյաններն են։
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը օգտագործել է տարբեր նյութեր, միջոցներ՝ տախտակներ, թղթեր, իրեր, մեխեր, յուղաներկեր...
«Այստեղ գլխավորը հաղորդել ներքին ապրումի, էմոցիայի, գաղափարի էությունը։ Նա շատ ազնիվ մարդ էր, ազնավական էր իր էությամբ, փորձում էր այդ ազնվականությունը, ազնվությունը, արդարությունը հաղորդել մեզ բոլորիս, ուզում էր մարդիկ ավելի հակված լինեն դեպի գեղեցիկը, դեպի արվեստը։
Ներկայացված գործերն ասամբլյաժ, կոլաժ կարելի է անվանել։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված սրբության թեմային, Քրիստոսի, Աստվածամոր կերպերներին, բայց նոր հայացքից։ Ոչ թե ընդունված սրբապատկեր, բնանկար, դիմանկար, այլ ներսից, խորքային, ինչպես քո հոգով կզգայիր այդ կերպարը, ինչպես կփորձեիր այդ կերպարի հետ վերապրել կայքը, էությունը, մարդկությունը։ Շատ հետաքրքիր արվեստ է»,- ասաց արվեստաբան Ս. Վարդանյանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
«Ինձ Սարգիսը հրավիրեց այս ցուցահանդեսին։ Մենք բարեկամներ ենք եղել Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետ։ Ես իրեն շատ համակրում էի։ Առհասարակ, իրենց ընտանիքի նկատմամբ խորը հարգանք ունեմ։ Մեծ տպավորություն գործեց այս ցուցահանդեը՝ նախ, որ ներկայացված է Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ողջ արվեստը, մյուս կողմից ժամանակի հեռավորությունից շերտերն է բացում՝ նոր բովանդակություն, նոր գեղեցկություն»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում: 1957թ-ից սկսել է նկարչություն սովորել հորից: 1968-73թթ սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում: 1974թ. դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան: 1975թ. նկարչի աշխատանքները ցուցադրվել են «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում» ցուցահանդեսում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: 1976թ-ից եղել է համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից: 1977թ. տեղափոխվել է Երևան: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1985թ. Երևանում մասնակցել է ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդեսի, 1997թ.՝ Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին» ցուցահանդեսին: 2000թ. Երևանում ներկայացել է անհատական ցուցահանդեսով: Ունեցել է նաև անհատական ցուցահանդես Գյումրիում, 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ս.Փարաջանովի թանգարանում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում 2004 թվականին:
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան