Ինչպիսի՞ն է քրիստոնյայի ընտանիքը. Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
«Ընտանքը մոդելն է պետության, հայրենիքի պաշտպանության: Եկեղեցու դերը՝ մարդ կերտելն է»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը՝ ներկայացնելով, թե ինչպիսի՞ն է քրիստոնյայի ընտանիքը։
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը
-Որտեղ կա սեր, այնտեղ կա Աստծո ներկայությունը: Երանելի է այն ընտանիքը, որի հիմքում սերն է: Դրախտում Աստված ստեղծեց Եվային՝ օգնական Ադամի համար, որ մարդը մենակ չլինի, որ սիրեն իրար ու վայելեն Տիրոջ ներկայությունը: Մենք վտարված ենք դրախտից, բայց կարող ենք դրախտի զգացողությունն ունենալ եկեղեցում և մեր ընտանիքներում, որտեղ հնարավոր է սեր տարածել, կատարելագործվել, ապրել Աստծո փառքով: Սիրո, վստահության, աստվածպաշտության հիման վրա ստեղծված ընտանիքը մարդու ամբողջ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է: Ասվում է. «Մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց» (Մարկոս 10:9): Նշանակում է՝ ընտանիքի երաշխավորը Տերն է: Եթե այդ գիտակցումն ունենանք, բաժանությունները կլինեն ավելի քիչ:
Սիրո օրենքը
-Նշվում է. «Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը» (Գաղատացիներին 6:2): Միմյանց բեռը կրելով, ներելով կատարում ենք Քրիստոսի օրենքը: Ընտանիքը կարող է տանել մարդուն դեպի փրկագործություն, կարևոր է, որ կատարվի Տիրոջ կամքը: Որպեսզի տաճարը կանգուն մնա, ամեն գերան պետք է իր տեղում լինի: Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը: Ամուսինների, ծնող-զավակ, եղբայր-քույր հարաբերությունների ճիշտ մոտեցումը տրվում է Սուրբ Գրքում: Երբեմն կողակիցները մոռանում են, որ ամուսնանալով դառնում են մեկ, և եկեղեցին չի խրախուսում բաժանությունը, քանի որ ինքդ քեզնից բաժանվել չես կարող: Կողակցի և ծնողի հանդեպ սերը ոչ թե պետք է իրար խանգարեն, այլ լրացնեն: Լինե՛նք այնքան իմաստուն, որ կարողանանք յուրաքանչյուրին պահել սիրո քաղցրության մեջ: Ես զույգերին խորհուրդ եմ տալիս՝ ողջ կյանքի ընթացքում մրցել՝ ով ավելի շատ կների: Մի՛ սպասեք, որ դիմացինը պետք է ձեզ երջանկացնի, փոխարենը՝ դուք նախաձեռնեք: Մարմնի մի մասը չի կարող սպասել, որ մյուսն իրեն օգնի, միասին պետք է կատարելագործվեք: Իրար սիրե՛ք, ներե՛ք և բժշկե՛ք:
Ընտանիքի դերը՝ դաստիարակության հարցում
-Երբեմն տեսնելով երեխաների արարքները, լսելով նրանց ծնողների խորհուրդները, հասկանում ենք, որ բացակայում է քրիստոնեական դաստիարակությունը, ինչը շատ կարևոր է: Այն պետք է հիմնված լինի ոչ միայն սիրո նաև ճշմարտության վրա: Տերն ասաց առաքյալներին. «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ» (Մատթեոս 10:16): Մեր զավակներին այնպիսի կրթություն պետք է տանք, որ նրանք մնան մաքուր և լինեն խորագետ:
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասում էր. «Ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է»: Երբ զավակը մեծանում է սիրո մթնոլորտում, նրա մեջ բացակայում է չարությունը: Նա սիրում է, փայփայում է ոչ միայն իր հարազատներին նաև հայրենիքը: Խրիմյան Հայրիկն ասում էր. «Առանց ընտանիքի չի կարող գոյություն ունենալ ո՛չ ազգային գիտակցություն, ո՛չ կրոն, ո՛չ եկեղեցի»: Ընտանքը մոդելն է պետության, հայրենիքի պաշտպանության: Եկեղեցու դերը՝ մարդ կերտելն է: Եթե ընտանիքից դուրս է գալիս բարի հունձը, նա ամբողջ կյանքի ընթացքում կատարելագործվելու է:
(Նյութը՝ qahana.am-ից)