Ադրբեջանը ուզում է՝ ՀՀ ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. Փաշինյան
«Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ: Այս իրավիճակում անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումն անվտանգության ապահովման գործում առաջինը չի և երկրորդը չի. «Եթե առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, նշանակում է անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի»։
Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։
«Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրեջանին:
Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություն ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ իրագործելու խնդիրներ կարող է ունենալ:
Կարող եմ ասել, որ Հայաստանն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջան, ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկտամամբ չունի: Ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունները։
Ավելին ասեմ՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա։ Բոլոր երաշխքիները ստեղծել են, շարունակելու ենք այս ուղեգիծը։
Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Անտրամաբանական մոտեցում է, Հայաստանի համար ընդունելի չէ» ,-ասաց Ն Փաշինյանը:
Նա նաև ասաց. «Մենք պատրաստ ենք տրամադրել կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև»։