Հայաստանը դարձել է մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին, որի նկատմամբ փորձեցին «գործ կարել» ֆեյսբուքյան գրառման համար, Panorama.am-ը խնդրեց մեկնաբանել, ՀՀ քննչական կոմիտերի տարեդարձին նվիրված Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Panorama.am- Ձեր կարծիքով, արդյո՞ք քաղաքացիները ՀՀ-ում ունեն արդարության զգացում։
Ա․ Իշխանյան- Բավականին բարդ գործ է, վարչապետ կոչեցյալի խոսքերը մեկնաբանել, քանի որ նա որևէ սկզբունք չունի։ Օրինակներ չբերենք, նրա տարբեր ժամանակներում ասված իրարամերժ խոսքերից։ Դրանք անսպառ են։Այնուամենայնիվ, փորձենք գնահատական տալ նրա այս խոսքերին։
Նախ, ի՞նչ է նշանակում «ունենալ արդարության զգացում»։ Արդարությունը սուբյեկտիվ զգացողություն է և ամեն մարդու համար այն տարբեր է։ Հանցագործի և զոհի համար արդարությունը տարբեր է։ Ժամանակակից աշխարհում, մենք կարող ենք խոսել արդարադատության մասին։ Իսկ որևէ երկրում արդարադատություն նշանակում է՝ իշխանությունների տարանջատում և անկախ դատաիրավական համակարգի առկայություն։ Հարց․ արդյո՞ ք Հայաստանում գործում է իշխանության տարանջատման մեխանիզմը և անկախ դատաիրավական համակարգը։ Պատասխանը միաշանակ «ոչ» է։ Հիշենք՝ դատարանների շրջափակումը, Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական ձևով ջախջախումը, «վնգստացող դատավորներ» բղավոցը, իրեն անհաճո դատավորներին մեղադրանքներ առաջադրելը, ինչպես Դավիթ Գրիգորյանի ու Բորիս Բախշյանի, ԲԴԽ կոչվող կառույցով անհնազանդ դատավորների լիազորությունների դադարեցումը և այլն։ Շարքն անվերջ է։
Եվ վերջապես, նույն քննչական կոմիտեն, ու՞մ ենթակայության տակ է գործում։ Պատասխան․ քննչական կոմիտեն վարչապետին կից կառույց է և գործում է նրա հրահանգներով։Գլխավոր դատախազ է նշանակվում, վարչապետ կոչեցյալի երկրպագու-օգնականը, որն ակտիվորեն մասնակցում էր հերթական շինծու քրեական գործի «թխմանը»։ Հայաստանը երբևէ չի եղել իրավական պետություն, իշխանության տարանջատման և անկախ դատաիրավական համակարգով։ Բայց այն ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո՝ աներևակայելի է։ Հայաստանը դարձավ մեկ ընտանիքի պատանդ-բռնապետական երկիր՝ իր բազմաթիվ քաղբանտարկյալներով։
Եվ վերջապես, մեկ հռետորական հարց, արդարությու՞ն է, արդյոք, երբ բարձրաստիճան պաշտոնյան թքում է քաղաքացու դեմքին և անպատիժ մնում։
Panorama.am- Փաշինյանն ասում է, որ ՀՀ-ում գործ սարքելու ինստիտուտը վերացված է։ Զուտ քաղբանտարկյալների օրինակը եթե բերենք, ապա հիմա նրանց գործերը այսպես ասած՝ «սարքած գործեր» չե՞ն։
Ա․ Իշխանյան- Այս հարցին պատսխանելու համար, բերեմ երկու օրինակներ։ Առաջինը, վարչապետ-ՀՔԾ ղեկավար-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսազրույցի գաղտնազերծումն էր՝ հստակ հրահանգներով կալանքի որոշոշման տալու։ Մի քանի առիթով ասել եմ, կրկնեմ՝ ցանկացած քաղաքակիրթ, իրավական երկրում դրանից հետո, ողջ հասարակությունը ոտքի կկանգներ և կպահաջեր երեք պաշտոնյաների հրաժարականները և Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը, անկախ նրանց բոլորի հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Հաջորդը Ռուբեն Վարդազարյան- Գագիկ Ջհանգիրյան խոսակցության գաղտնազերծումն էր։ Այդտեղ Գագիկ Ջհանգիրյանը անթաքույց խոսում է պատվերով հարուցված քրեական գործերի մասին։ Եթե դրանից հետո, ոմանք պատրանքներ ունեն Հայաստանում գործող արդարադատության, իրականում՝ անարարդարադատության մասին, ես ասելիք չունեմ։
Վերջում փաստենք, որ Հայաստանում, ստալինյան ժամանակաշրջանից հետո, այսքան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ չեն եղել։
Հարակից հրապարակումներ`
- Սա ամենադասական կոռուպցիա, նաև պետական ռեկետ է․ Ավետիք Իշխանյան
- Ավետիք Իշխանյանին հանձնվել է «բռնության կոչի» հոդվածով ծանուցագիրը․ փաստաբան
- Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է. Արման Թաթոյան