Աշոտակերտ կամ «Խալդի աստծո դարպասները»
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը գրում է.
«Ուրարտական թագավորության բացօթյա ծիսապաշտամունքային համալիրներից հատկապես հայտնի է Մհերի Դուռը: Այն կերտվել է Արարատի թագավորության միապետ Իշպուինիի և նրա որդի Մենուայի այսպես կոչված համատեղ գահակալության ժամանակաշրջանում: Մհերի դուռն անվանվել է «Խալդի աստծո դարպասներ»: Քչերը գիտեն, սակայն, որ վերը նշված գահակալների կողմից կերտվել է ևս մեկ ծիսապաշտամունքային համալիր, որը հետագայում ստացել է Աշոտակերտ (հայտնի է նաև՝ Ասչրութ դարգա, Փագան) անվանումը: Այն ուղղված է դեպի հարավ, ունի 5.10 մ բարձրություն, 2.40մ լայնք, 1.30 մ խորություն և գտնվում է Վան քաղաքից մոտ 60 կմ արևելք : Աշոտակերտն ունի կրկնվող սեպագիր արձանագրություն, որտեղ նկարագրվում է Իշպուինի և Մենուա արքաների կողմից Խալդիին susi տաճար կառուցելու, ինչպես նաև Խալդիին, ՈՒարուբանիին, Խալդյան զենքերին և դարպասներին զոհեր մատուցելու մասին: Աշոտակերտի ժայռափոր դուռն իր շրջակայքով՝ ամբողջական ծիսապաշտամունքային համալիր է: Դուռն ունի եռախորշ կառուցվածք, վերևում` 0.10մ խորությունև 0.50մ լայնություն ունեցող ջրահեռացման փողրակ: Դռան առջևում գտնվում է հարթակ, կան ժայռափոր աստիճաններ և վեց փոսորակներ, որոնց մեջ ժամանակին կանգնեցված են եղել արձանագրված կոթողներ, գուցե նաև` արձաններ:
Համալիրի ժայռակերտ պատերին արված խաչերը վկայում են այն մասին, որ Աշոտակերտը սրբատեղի է հանդիսացել նաև միջնադարյան ժամանակաշրջանում:
Թե՛ Աշոտակերտը և թե՛ Մհերի Դուռը եղել են ուրարտական պետության կարևորագույն ծիսապաշտամունքային համալիրներ, որտեղ իրականացվել են կենդանիների զոհաբերություններ, հեղումներ, գուշակություններ: Սրանք, ամենայն հավանականությամբ, ուղեկցվել են սրբազան երաժշտությամբ, գուցե նաև՝ խորհրդանշական խաղերով և մրցություններով:
Ի տարբերություն susi տաճարների, ուր ծիսապաշտամունքային արարողություններին կարող էր մասնակցել միայն թվով սահմանափակ «ընտրյալ» խավը (արքա, քրմական դաս, ռազմական վերնախավ և այլն), ժայռափոր դռները կիրառվել են մասսայական բնույթ կրող ծիսական արարողությունների համար, որոնց հնարավորություն ուներ մասնակցելու նաև: Ամենայն հավանականությամբ, հարթակին բարձրանում էր վերնախավը (հավանաբար արքան և քրմական դասի տարբեր ներկայացուցիչներ), իսկ բազմությունը կանգնում էր նրանց առջև` հարթակից ցած և արարողությանը մասնակցում ներքևից: Այս արարողությունները, հավանաբար, տեղի էին ունենում սեզոնային տոների ժամանակ:
Լուսանկարները՝ Ռոբորտո Դանի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին