Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը շատ դժվարանալու է. Սուրեն Սաֆարյան
«Մենք կանգնած ենք վտանգի առաջ և կարող ենք կորցնել ամբողջ սեփականությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։ Նկարիչների միության՝ Աբովյան 16 շենքի պետականացման հարցով դատավարությունն ընթանում է գրավոր ընթացակարգով։ Դատական ակտը հրապարակվելու է հոկտեմբերի 30-ին։
Ս.Սաֆարյանը հույս ունի, որ արվեստագետների բողոքը շենքի պետականացման դեմ դատական ատյանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինները ի գիտություն ընդունած կլինեն։
«Մենք չենք խոսում ինչ-որ մի տարածքի մասին, խոսում ենք մշակութային մեծ պատմություն ունեցող կազմակերպության մասին, որը տարիներ ի վեր աշխատել է, իր հարկի տակ ընդունել և ընդունում է բազում արվեստագետների։ Ուղղակի նկարիչների միությանը նայել որպես գույք, սխալ է»,- ասաց Նկարիչների միության նախագահը։
Նա նշեց, որ եթե շենքը պետականացնելու որոշում կայացվի, չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո. «Շատ դժվարանալու է Նկարիչների միության գործունեությունը։ Երբ գույքը պետականացվում է, հասարակական կազմակերպություն-պետական գույք հարաբերությունը դժվարանում է, խնդիրներ են առաջանում, թե ով է կառավարելու, ինչ ձևով, ինչպես։ Ամբողջը խնդիրներ են, իսկ այդ խնդիրներից առաջացած հետևանքները միայն բացասական են անդրադառնալու այս տեղծագործական տան գործունեության վրա»։
Նկարիչների միության շենքը կառուցվել է 1959թ., որը նախատեսված է եղել հենց Հայաստանի նկարիչների միության վարչության և ցուցահանդեսների համար: Շենքի ճարտարապետական նախագծի հեղինակն է Ռաֆայել Իսրայելյանը: Հիմնադիրներն են՝ քանդակագործ Արա Սարգսյան, նկարիչներ Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին