Աբրահամյան. Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա այնպես է խոսում, կարծես դա Պապ թագավորի ժամանակ է եղել
«Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի` ռեգիոնալ ապաշրջափակման վերաբերյալ, որոշակի «պարզաբանումներ» է տվել, որով ոչ միայն հակասում է իր` նախորդիվ արված մեկնաբանություններին, այլ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշում է.
«Նախ, Փաշինյանը, ով 3 տարի է ընդհանրապես այդ կետում ՌԴ-ի ներկայությունը չէր տեսնում ու ակնհայտ մանիպուլյացիայի էր գնում, հանկարծ «հիշել» է, որ այնտեղ ՌԴ-ին վերապահված գործառույթ կա ու այսպես ձևակերպել` «ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ՝ տեսնելու համար, թե ՀՀ-ն ինչքանով է կատարում իր պարտավորությունները»:
Բայց այստեղ էլ մեկ այլ կեղծիք է առաջ մղում, երբ հղում անելով ՌԴ նախագահի հրամանագրին, նշում է, որ Հայաստանի տարածքով (դեպի Սյունիք) անցնող կոմունիկացիայի վրա ռուսների գործառույթը որպես մոնիթորինգ անող է ներկայացված:
Ու սա այն դեպքում, որ այդ հրամանագրում ՌԴ սահմանապահ ծառայության ֆունկցիան ո´չ թե մոնիթորինգ է սահմանված, այլ որպես ՎԵՐԱՀՍԿՈՂՈւԹՅՈւՆ:
Արդյո՞ք Փաշինյանը չգիտի մոնիթորինգ ու վերահսկողություն բառերի տարբերությունը կամ բացատրությունը` բացվածքով. վստահ եմ` շատ լավ գիտի, սակայն հերթական կեղծիքին է գրում:
Վերահսկողությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է նաև մոնիթորինգ, սակայն վերահսկողություն տերմինի տակ նաև իրադրության կառավարում է ենթադրում, որը կումունիկացիաների ապահովման և անվտանգության տեսանկյունից առավել լայն լիազորություններ կարող է ենթադրել:
Այստեղ նաև ինչն է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին 9-ին փաստաթուղթ է ստորագրել, բայց նա, իր թիմակիցները, քարոզչական գործիքներն այնպես են խոսում կամ մեկնաբանում այդ փաստաթուղթը, կարծես այդ իրադարձությունը Պապ թագավորի ժամանակ է եղել:
Երկրորդ, ցանկացած հիշատակում կամ քննարկում այդ եռակողմ փաստաթղթին պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն` Ադրբեջանի չիրականացրած պարտավորությունների շրջանակներում` Արցախում արցախցիների ներկայություն, նրանց անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Արցախի ու Հայաստանի միջև անխափան, անվտանգ միջանցքի ապահովում:
Իսկ թե ինչու է Փաշինյանը «հիշել» ռեգիոնալ ապաշրջափակման դրույթում ՌԴ ներկայության մասին, դա ոչ պակաս կարևոր թեմա է, որին այլ առիթով կանդրադառնամ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան