Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը կալանավորվել են
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։ Այս մասին հայտնում է փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա մանրամասնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Փաստաբան Նորայր Նորիկյանն ավելի վաղ հայտարարել է, որ տուժող կողմի համոզմամբ, վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու, ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված չիրականացվեց օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչի հետևանքով զոհված զինծառայողների ծնողների մոտ առկա կասկածներ ն այդպես էլ չփարատվեցին, իսկ այլ վարկածների թվում, ինչպես բազմիցս նշել ենք, կարող է լինել դիվերսիան։
Հարակից հրապարակումներ`
- 15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
- Ազատ գյուղի ողբերգական դեպքի քաղաքական պատասխանատվության դրսևորում տեղի չի ունեցել. Մենուա Սողոմոնյան
- Նրան ինչ թելադրում են, այն էլ անում․ Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով զոհված զինծառայողի հայր
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
- Ազատ գյուղի հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հետազոտվել են գործով ապացույցները