Մեկ տարում Հայաստանում 1029 նոր ՀԿ, 175 հիմնադրամ և 112 նոր ԶԼՄ է բացվել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է.
2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մի անսովոր երևույթ։ ՀԿ-ների, հիմնադրամների և ԶԼՄ-ների գրանցման թիվը հանկարծակի թռիչք արձանագրեց։
Պատկերացրեք՝ մեկ տարում 1029 նոր ՀԿ, 175 հիմնադրամ և 112 նոր ԶԼՄ։ Սա 2-3 անգամ ավելի է, քան նախորդ տարինարին։
Հետաքրքի՞ր է, թե ինչ էր կատարվում։ Արդյո՞ք սա պատահականություն էր, թե՞ 2018-ի Թավշյա հեղափոխության նախապատրաստություն։
«Նախահեղափոխական թավշյա իրարանցում
2018 թվականի Թավշյա հեղափոխությունը Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է: Սակայն, ինչպես ցույց են տալիս պաշտոնական տվյալները, որոնք արծածված են այս վերլուծության մեջ, այս քաղաքական փոփոխության հիմքերը սկսել էին ձևավորվել դեռևս նախորդ տարում: 2017 թվականին Հայաստանում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աննախադեպ աճ, որը կարելի է անվանել «թավշյա իրարանցում»:
Ինչպես երևում է գծապատկեր 4-ից, 2017 թվականին Հայաստանում գրանցվեց 1029 հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ չորս անգամ ավելի, քան 2016-ին, և ավելի քան կրկնակի 2018-2023 թվականների միջին ցուցանիշից: Եվ դա դեռ ամենը չէ. այս ՀԿ-ների կեսը՝ 512-ը, գրանցվել է ընդամենը մեկ ամսում՝ 2017 թվականի դեկտեմբերին: Սա ոչ միայն գերազանցում է մյուս տարիների ցուցանիշները, այլև հարցեր է առաջացնում՝ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ:
Բայց ՀԿ-ները միակը չէին: Հիմնադրամների թիվը նույնպես թռիչքային աճ արձանագրեց. 2017-ին գրանցվեց 175 հիմնադրամ, հիմնականում օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 50%-ով ավելի, քան նախորդ տարիներին:
Գծապատկեր 5-ը բացահայտում է էլ ավելի հետաքրքիր պատկեր. 2017 թվականին գրանցվեց 112 նոր լրատվամիջոց (ԶԼՄ), մինչդեռ մյուս տարիներին այս ցուցանիշը գրեթե զրոյական էր: Կարծես թե հանկարծակի բոլորը որոշել էին իրենց ձայնը լսելի դարձնել:
Քաղաքական կուսակցությունների գրանցման առումով ուշագրավ է 2021 թվականը, երբ գրանցվել է 34 նոր կուսակցություն՝ հաջորդելով Արցախյան 44-օրյա պատերազմին:
Այս ամենը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ինչո՞ւ հենց 2017-ին: Ինչո՞ւ այսքան շատ նոր կազմակերպություններ: Արդյո՞ք սա պատահականություն էր, թե՞ նախապատրաստություն գալիք փոփոխություններին:
Պատմությունը ցույց է տալիս, որ նման «իրարանցումները» հաճախ նախորդում են մեծ քաղաքական փոփոխություններին: Հիշենք թեկուզ Վրաստանի 2003 թվականի «Վարդերի հեղափոխությունը»: Այնտեղ էլ քաղաքացիական հասարակությունն ու անկախ լրատվամիջոցները վճռորոշ դեր խաղացին:
Վրաստանի դեպքում հատկապես աչքի ընկավ «Ռուստավի-2» հեռուստաընկերությունը: Այն ոչ միայն լուսաբանում էր իրադարձությունները, այլև դարձավ ընդդիմության ձայնափողը: Նախկին նախագահ Սաակաշվիլին նույնիսկ հայտարարել է. «Փողոց դուրս եկած ուսանողների մեծ մասին հենց Ռուստավին էր դուրս բերել»:
Հետաքրքիր է, որ «Ռուստավի-2»-ը և մի շարք այլ անկախ լրատվամիջոցներ ձևավորվել և զարգացել էին արևմտյան, հատկապես ամերիկյան օժանդակության շնորհիվ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և մի շարք այլ կազմակերպություններ տարիներ շարունակ աջակցել էին Վրաստանում անկախ լրատվամիջոցների կայացմանը: Սաակաշվիլին նույնիսկ հայտարարել է. «Ամերիկացիները մեզ ամենաշատն օգնեցին՝ աջակցելով վրացական անկախ մեդիային: Դա ավելի հզոր էր, քան 5000 ծովային հետևակայինը» (Anable, 2006):
Այս ամենը հարցեր է առաջացնում Հայաստանի 2017 թվականի «թավշյա իրարանցման» վերաբերյալ: Արդյո՞ք նմանատիպ արտաքին աջակցություն կար նաև այստեղ: Եվ եթե այո, ապա ինչպե՞ս դա ազդեց հետագա իրադարձությունների վրա:
Անկասկած, քաղաքացիական հասարակության ակտիվացումը կարող է լինել ժողովրդավարական փոփոխությունների շարժիչ ուժը: Սակայն միաժամանակ այն կարող է առաջացնել մտահոգություններ արտաքին ուժերի հնարավոր ազդեցության վերաբերյալ:
2017 թվականի «թավշյա իրարանցումը» Հայաստանում ցույց տվեց, որ քաղաքական փոփոխությունները հաճախ սկսվում են հենց քաղաքացիական հասարակության մակարդակում: Սա մեկ անգամ ևս ընդգծում է ՀԿ-ների և ԶԼՄ-ների կարևոր դերը ժողովրդավարական գործընթացներում և հասարակական կարծիք ստեղծելու մեջ: Միևնույն ժամանակ, այն հարցեր է առաջացնում այդ գործընթացների վրա արտաքին ազդեցության սահմանների և ուժի վերաբերյալ»,-ասվում է նյութում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան