Մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից՝ հայկական տարածքները հայտնվել են թշնամու տիրապետության տակ. Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները, հաջորդ շաբաթ պատրաստվում են քննարկել և վերանայել Ռուսաստանի հետ կապված՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը: ՆԱՏՕ-ում կարծում են, որ նախկին քաղաքականությունը հնացած է և չի արտացոլում հարաբերությունների ներկայիս իրավիճակը։
Չնայած հարաբերությունների կտրուկ վատացմանը, դաշինքը դեռևս պահպանում է Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 1997թ-ին, որով հռչակվում է «կայուն, խաղաղ և անբաժանելի Եվրոպա կառուցելու» ընդհանուր նպատակը։
Այս տարի հուլիսին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովում, դաշնակիցները պայմանավորվել են Ռուսաստանի վերաբերյալ նոր ռազմավարություն մշակել և այն ներկայացնել դաշինքի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա Հաագայում 2025թ. հունիսին։ Ըստ ՆԱՏՕ-ի անդամ երկրերում հաճախակի քննարկվող թեզերի՝ ՌԴ-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը և Խորհուրդը ստեղծվել են այլ դարաշրջանի և միջազգային իրավիճակի համար: Հետևաբար, նոր մոտեցումները կարող են մեծ հաշվով վերանայել հարաբերությունների ամբողջ ծավալը՝ ապագայի համար խորացնելով ու պաշտոնական քաղաքականություն դարձնելով առկա հակադրությունները: Թեպետ դեռևս չկա ՆԱՏՕ-ի 32 երկրների համաձայնությունը ստացած նոր ռազմավարության որևէ նախագիծ, սակայն դժվար չէ կռահել, որ այն արտացոլելու է փոփոխվող աշխահակարգի և բազմաբևեռ աշխարհի մասին կոշտ մոտեցումներ, որոնք դեռ շատ երկար ժամանակ դրված են լինելու Արևելք-Արևմուտք հակամարտության հիմքում:
Հարկ է ընդգծել, որ ՆԱՏՕ որոշ անդամ-երկրներ վախենում են, որ չափազանց ագրեսիվ նոր ռազմավարությունը կարող է վատ ազդանշան ուղարկել Կրեմլին և էլ ավելի զգայուն և անհանդուրժողական դարձնել տարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ռազմավարական քայլը: Բացի այդ, ՆԱՏՕ-ում վաղուց արդեն հարց է առաջանում Հունգարիայի ու Սլովակիայի մասով, որոնք դեմ են դուրս գալիս դաշինքի մյուս անդամներին և շարունակում են ռազմավարական նպատակահարմարություն և շահ տեսնել Ռուսաստանի հետ փոխգործակցության մեջ։
Որքան էլ հավաքական Արևմուտքը փորձեց դիվանագիտական, տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ մտցնել Ռուսաստանին, այնուամենայնիվ ՌԴ-ն շարունակում է մնալ գործող աշխարհակարգի փոփոխման և նորի կառուցման ճարտարապետներից մեկը: Դա ապացուցում է նաև առաջիկա օրերին (22-24 հոկտեմբեր) ռուսական Կազան քաղաքում նախատեսվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին մասնակցելու են մի շարք համաշխարհային լիդերներ: Շատերը կարծում են, որ նոր աշխարհակարգի սկզբունքների վերաբերյալ, ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը հստակ ուղղերձ է հղելու հատկապես Արևմտյան աշխարհին:
Իսկ ի՞նչ են անում փոքր երկրները և հատկապես պարտված ու քաղաքականապես բարոյալքված Հայաստանը: Ինչպես Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան, Արևելյան Եվրոպան, այնպես էլ Հարավային Կովկասն անշուշտ հայտնվել են նոր աշխարհակարգի ճարտարապետների ռազմավարական շահերի բախումների կիզակետում: Ադրբեջանը՝ Թուրքիայի և Նիկոլի շնորհիվ ստացել է ռեգիոնալ քաղաքականության գլխավոր շահառուի կարգավիճակը: Վրաստանը գտել է կայուն և անվտանգ զարգացման տանող վերադարձի ճանապարհը, և հոկտեմբերի 26-ի ընտրություններում փորձելու է առաջիկա տարիների համար ապահովագրել իր ինքնիշխան զարգացման ակտիվները: Իսկ Հայաստանը՝ իր օտարածին ու խարխլված իշխանությունների շնորհիվ, դեռևս գտնվում է աշխարհաքաղաքական մուրճի և սալի արանքում:
Պատումությունը՝ հետին թվով մեզ անընդհատ ցույց է տվել, որ գլոբալ փոփոխություների ժամանակ, մենք հնարավորություն ենք ունեցել շահած դուրս գալու: Բայց գրեթե միշտ արել ենք հակառակը և վերջին պահին, զգալի կորուստներով, զոհի կերպարանք ստացած ու խաբված, մազապուրծ կախվել ենք ռուսական նավից: Հիմա էլի նույն վիճակում ենք, այսինքն՝ մտել ենք այնտեղ, որտեղ բախվում են խոշորները, և որոնց բախումից՝ հայկական տարածքները հայտնվել են, և կարող են հայտնվել թշնամու տիրապետության տակ:
Ասում ենք հայի "հետին խելք": Այո դա այդպես է: Եթե ժամանակին խելացի լինեինք և 2018թ. չքայլեինք կասկածելի անորոշության հետևից, 2021թ-ին կրկին չընտրեինք ակնհայտ պարտությունը, ապա այսօրվա փոփոխվող աշխարհում Հայաստանն ու Արցախը միասին, կարևոր ու գուցե նաև որոշիչ դերակատարում կունենային գործընկերների համար: Իսկ երկարաժամկետի համար՝ կապահովեին կայուն և արժանապատիվ խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխան զարգացումը: Նախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է: