Ալիևն անիրատեսական է համարել Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Բելգիայի նոր դեսպանի հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը «իրականությունից հեռու» է անվանել Հայաստանի առաջարկը՝ ստորագրել երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված հոդվածները՝ չսպասելով մնացածների վերաբերյալ քննարկումների արդյունքներին։
«Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համարժեք և անբաժանելի են միմյանցից։
Այս տեսանկյունից, ընդգծել է պետության ղեկավարը, Հայաստանի տարօրինակ առաջարկը՝ «ստորագրել այն ամենը, ինչ համաձայնեցվել է՝ չհամաձայնեցված հոդվածները թողնելով հետո», իրականությունից հեռու է, և ինքը նման մոտեցման նախադեպեր չգիտի»,- հայտնել են Ալիևի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում Փաշինյանը հայտարարել էր.
«Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։
Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն:
Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին