Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան
ՀՀ կառավարությունն արդեն երրորդ տարին է հայտարարում է տնտեսության բարձր աճի տեմպերի մասին, բայց դրան զուգահեռ աղքատության մակարդակն այդ նույն տեմպերով չի նվազում, իսկ աղքատության վերին շեմն ամեն տարի բարձրանում է՝ հասնելով 42.6%-ի։ Մյուս կողմից էլ տնտեսական աճի նմա «դրական» ցուցանիշների պայմաններում բյուջեով նախատեսված հարկահավաքության պլանն է թերակատարվում և պետության պարտքն է ամեն տարի 1 մլրդ դոլարով ավելանում։ Տնտեսական ոլորտում արձանագրվող նման հակասական միտումները «Panorama-հարցազրույցի» տաղավարում պարզաբանեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
▪Այս վայրի կամ բուռն կառուցապատումը, ըստ էության, չի համապատասխանում մեր էլեկտրական ցանցերի հնարավորություններին։ Միայն Երևան քաղաքում վերջին տարիներին մոտավորապես 60 հազար նոր բաժանորդ է միացել ցանցին։ Համեմատույան համար նշեմ, որ այն մոտավորապես Վանաձորի բաժանորդների քանակն է։ Կարելի է ասել, որ Երևանում բաժանորդների տեսանկյունից նոր քաղաք է ստեղծվել։
▪Կենտրոնացնելով իրենց ուշադրությունը նոր սպառողների միացման վրա, իրենք ավելի քիչ ուշադրություն են դարձնում հին սպառողների, ընդհանուր համակարգի վրա։ Սա նաև կարողությունների հարց է։
▪Ներկայիս իշխանություններն, ըստ իս, ուզում են որոշակի վերահսկողական իրավունք ունենալ ՀԷՑ-ի վրա նաև ներսից, բայց նախկին իրենց փորձն այդքան էլ արդյունավետ չի եղել։ Վերասկողությունը չպետք է քաղաքական շարժառիթով լինի։ Երբ դու ձեռք ես բերում այս կամ այն բաժնեմասը, պետք է կարողանաս կառավարես։ Մենք հիմա ունենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Վիվա Արմենիա»-ի, Ամուլսարի բաժնետոմսերը, բայց դրանք չեն կառավարվում։
▪Այդ բաժնետոմսերի ձեռքբերումը Հայաստանի տնտեսության վրա էական նշանակություն չի ունեցել, քանի որ պետությունը որպես կառավարիչ ներդրումներ չի կատարել, որոշումներ չի կայացրել։ Այս կամ այն պաշտոնյային նշանակել է իր բաժնեմասի «նայող», խորհրդի անդամ և այդ կառավարիչը շարունակել է ոչ թե պետական առաջնահերթություններն առաջ բերել, ծրագրերն իրականացնել, այլ փորձում է մտնել իրացման տարբեր շղթաների մեջ։ Օրինակ՝ ասում է՝ դե որ այդպես է, տրանսպորտի մատակարարումները թող իմ հարազատն անի, կամ՝ այս ապարնքը ես եմ սկսում մատակարարել։ Պետության մասնակցությունն ավարտվում է այս կամ այն պաշտոնյայի անձնական բիզնեսի բարգավաճմամբ։ Սա անընդունելի և անտրամաբանական տարբերակ է։
▪Ոչ թե այդ ակտիվները, բաժնեմասերը ձեռք բերել և փոխանցել, այս կամ այն նախարարության գլխավոր մասնագետին, որը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում և պետք է, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվի, որն, անշուշտ, անտրամաբանական է, այլ պետք է սուվերեն ֆոնդ ստեղծել և դրան փոխանցել այդ ակտիվների կառավարումը, որի մեջ ներգրավել նաև մասնավոր որոշակի ներդրողներ։
▪Եթե դուք կազմակերպել եք աշխատանք ինչպես ԱՆԻֆ-ում, ապա ավելի լավ է չանեք նման աշխատանք։ Փորձը ցույց տվեց, որ ԱՆԻՖ-ում, որը կոչված էր պետական ներդրումներ իրականացնել, աստղաբաշխական աշխատավարձեր և պարգևատրումներ ստացան, բայց գործընթացն ավարտվեց սնանկությամբ, տասնյակ միլիարդ դրամների փոշիացմամբ։
▪Կառավարության առաջ քաշած «քեշբեքերի» համակարգից թոշակառուների ընդամենը 1/3-րդն է օգտվում՝ լավագույն դեպքում։ Նրանց մի մասը ապրում է գյուղերում, որտեղի խանութները հիմնականում «նիսիայով» են առևտուր անում և թոշակ ստանալուց հետո կանխիկացնում և բերում պարտքերը փակում են։ Ստացվում է, որ 1000 դրամ «քեշբեքերի» վերադարձից կրկին օգտվելու են ավելի բարեկեցիկ ապրող, քաղաքում բնակվող թոշակառուները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսաձայնագրություններում։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը փորձում է տնտեսական խնդիրները լուծել կոշտ-կոպիտ քրեաիրավական գործիքներով, ինչը սխալ է. Սուրեն Պարսյան
- Ողբերգական ելքով պատահար ԶՊՄԿ-ում
- Պատժամիջոցների տակ է ընկել նաև «Ինգո Արմենիա» ընկերությունը՞. Խնդրի հետ բախվել է ԶՊՄԿ-ն. «Փաստինֆո»
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով իմ կողմից հերքում և բռնագանձում 6 մլն դրամ. Օլեգ Դուլգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան