«Գործ տվող» արտահայտությունն անգամ կատակով չի կարելի անել. Հայկ Սարգսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
«Անդրանիկ Քոչարյանը մտահոգիչ հայտարարություն արեց, ասաց՝ «գործ տվողների» մասին այդ օրենքը։ Շատ խնդրահարույց է, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նման արտահայտություն է անում»,- ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նկատի ունենալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ես կատակով ասացի Հայկ, այդպես տարածված էր Վրաստանում»։
Հայկ Սարգսյանն ասաց. «Անգամ չի կարելի դրա մասին կատակ անել։ Ինչո՞ւ»։
«Ընդունեցի»,- ասաց Քոչարյանը։
«Եթե դեպք է եղել մասնավոր տարածքում, հաճախ խնդիրներ ենք ունենում։ Երբ իրավապահ մարմինները գնում են տվյալ տարածքը նկարահանող տեսանյութը վերցնելու, տվյալ քաղաքացին խուսափում է տալուց, որպեսզի բակում չպիտակավորվի, քրեական ենթամշակույթ կրող անձինք, շրջապատի մարդիկ չպիտակավորեն, թե ինչու է համագործակցել ոստիկանության հետ, ինչու է օգնել, որպեսզի հանցագործությունը բացահայտվի»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Նա դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ աշխատանք է տարվում, որպեսզի հանրության շրջանում այս կարծրատիպերը կոտրվեն, որպեսզի հաղորդում ներկայացնողը, ոստիկանության հետ համագործակցողը լինի ոչ թե «գործ տվող», այլ իր երկիրը սիրող քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Թմրամիջոց օգտագործելու պատճառով 47 ոստիկան հեռացվել է համակարգից. ՆԳ նախարար
- ԶՈւ-ում կատարվող ցավալի դեպքերի պատճառները գիտենք, բայց լուծումները մինչև հիմա գտնված չեն. Քոչարյան
- Հայաստանում աճել են սպանության դեպքերը, դրանց 80 տոկոսը կատարվում է կենցաղային հողի վրա. ՆԳ նախարար
- Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ