Մարդիկ վճարել են հազարավոր դոլարներ ու չեն ստացել «պատվիրված» էլեկտրամոբիլները. Նոր ահազանգ
Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: 168.am-ի փոխանցմամբ, խմբագրություն են զանգահարել հարմար գնով էլեկտրամոբիլ ունենալու համար միլիոններ վճարած ու «գցված» քաղաքացիներ։
Աղբյուրը գրում է.
«Չինաստանից Հայաստան կարճ ժամանակում էլեկտրամոբիլներ ներկրելու ու արդեն իսկ մեքենայի արժեքի 70-90%-ը վճարած գնորդներին իրենց բաղձալի մեքենաները ժամանակին հասցնելու խոստումներ է տվել նաև Մաշտոցի 1 հասցեում գործող «BM motors YVN» ՍՊ ընկերությունը՝ իր մի քանի դուստր ֆիրմաներով, այդ թվում՝ «ZET Motors» անունով:
Այս ընկերությունն ակտիվորեն գովազդում է իր մատուցած «ծառայությունները», և մի քանի տասնյակ մարդիկ, հավատալով նրանց, պայմանագրեր են կնքում այդ ընկերության հետ, կանխավճարներ վճարում, որոնց սահմանաչափը տատանվում է 15000-20000 դոլարի սահմաններում, որ ստանան Չինաստանից ներկրվող իրենց նոր էլեկտրամոբիլները:
Հայաստանում, իհարկե, կան մի քանի լուրջ ընկերություններ, որոնք ունեն սրահներ, ու ցանկացած ժամանակ կարող ես գնալ, ընտրել քո իսկ նախընտրած էլեկտրամոբիլը, սակայն միշտ էլ ավելի էժան է, երբ պատվիրում ես, հատկապես, երբ պատվիրում ես քո գումարով, ինչպես նշված ընկերության դեպքում:
«Կանխավճարի մեծ չափը կասկածի տեղիք չտվեց, որովհետև փաստորեն ստացվում է, որ իմ փողով պետք է բերեին մեքենան, ինչը նրա արժեքի մեջ էական տարբերություն էր տալիս»,- ասաց մեզ դիմած տուժածներից մեկը: «Օրինակ՝ եթե նույն մոդելի էլեկտրամոբիլը սրահում արժե 30-35 000 դոլար, ապա միջնորդ կազմակերպության միջոցով բերված նույն մեքենան, առանց սերվիսի ու երաշխիքի՝ կարող է արժենալ 24-27000 դոլար»,- ասաց մեզ դիմած տուժած անձը:
Մարդիկ հենց այս առավելությունները հաշվարկելով էլ դիմել են «BM motors YVN» ՍՊԸ-ին, որի դուռն այժմ կողպված է, աշխատակիցները չկան, իսկ տերերն անհետացել են:
«Խաբեության սխեման կազմել և իրականացնում են կազմակերպության հիմնադիր և տնօրեն Հարություն և Արթուր Ղազարյան եղբայրները: Հարութը ԱՄՆ-ում է բնակվում, այնտեղից է ղեկավարում պրոցեսը, իսկ Արթուրը միակ երևացող անձն է այս պատմության մեջ: Արդեն իսկ հարուցված քրեական վարույթ կա: Կան տուժածի կարգավիճակ ունեցող անձինք: Այս ֆիրման մոտ 7 տարի զբաղվում է մեքենաների ներկրմամբ, հիմնականում՝ օգտագործված, որոնք բերվում են ԱՄՆ-ից: Բայց այդ լեգիտիմ բիզնեսի հետ միասին վերջին ամիսներին իրենք սկսել են շատ ինտենսիվ գովազդել կանխավճարով Չինաստանից էլեկտրամոբիլ ներկրելու ծառայությունը, և մի քանի տասնյակ մարդիկ, խաբվելով, կատարել են կանխավճար, այդ թվում՝ ես, և ոչ մեկս չենք ստացել մեր պատվիրած էլեկտրամոբիլը»,- ասաց մեկ այլ տուժող։
Տուժածների խոսքով՝ պայմանագրով նշված է, որ մեքենաները գնորդին պետք է հասնեն առավելագույնը 2 ամիս 15 օրում, բայց օրինակ, իրենք պայմանագիրը կնքել են հուլիս ամսին, որոշները՝ օգոստոսի սկզբին, սակայն մեքենաներն այդպես էլ չեն եկել, և ինչպես իրենք են հետո պարզել, չէին էլ կարող գալ»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։