Կորոնավիրուսի դեպքերն աճել են 22.5 տոկոսով
Սուր շնչառական վարակներն աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են` գրիպը, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ՝ թոքաբորբ, բրոնխիտ, ականջաբորբ և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, այս տարվա 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն, հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել է՝ 1.2 անգամ, ինչը համահունչ է սեզոնի նշված ժամանակահատվածին, իսկ նախորդ շաբաթվա միևնույն ժամանակահատվածի համեմատ` ցածր է 1.1 անգամ։
Դեպքերի 71%-ը կազմել են 0-18 տարեկանները։
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել։
Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։
Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով, իսկ 14 օրվա ընթացքում արձանագրված դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 31%-ով:
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝
Առողջապահության նախարարությունը հիշեցնում և հորդորում է.
. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
. խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
. եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
. եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
. մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
. հագնվե´ք եղանակին համահունչ,
. պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
. հետևե՛ք անձնական հիգիենային։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան