Գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստ Ռաֆայել Վահանյանի ծննդյան օրն է
Այսօր ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում շախմատի երկու օլիմպիադաների, աշխարհի թիմային երկու առաջնությունների, Եվրոպայի թիմային երեք առաջնությունների հաղթող, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների կրկնակի բրոնզե մեդալակիր, վետերանների աշխարհի չեմպիոն Ռաֆայել Վահանյանի ծննդյան օրն է:
Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Ֆիզիկայի ուսուցիչ նրա հայրը շախմատի մոլի սիրահար էր և ողջունում էր որդու զբաղմունքը։ 16 տարեկանում Ռաֆայելը դարձել է ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18-ում՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը։
1969 թվականին Լենինգրադում Խորհրդային Միության երիտասարդ երեք վարպետների (Վահանյան, Միխայիլ Շտեյնբերգ և Անատոլի Կարպով) մրցախաղ-մրցաշարում որոշվում էր Ստոկհոլմում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցը։ Հաղթել է Կարպովը, բայց, թվում էր, թե այդ մրցակցությունը կշարունակվի երկար տարիներ։ Սակայն Շտեյնբերգը վաղ տարիքում մահանում է։ Վահանյանն աշխատում էր հետ չմնալ Կարպովից։ Իր հասակակից ընկերոջից ընդամենը մեկ տարի անց նա դարձել է միջազգային գրոսմայստեր։ Դա տեղի է ունեցել 1971 թվականին Վռնյաչկա Բանյայում կայացած մրցաշարում, որտեղ նա 15 հնարավորից վաստակել է 11 միավոր՝ առաջ անցնելով անվանի շախմատիստներ Լյուբոմիր Լյուբոևիչից, Լեոնիդ Շտեյնից, Բորիսլավ Իվկովից։ ՖԻԴԵ-ի կոնգրեսը Վահանյանին գրոսմայստերի կոչում է շնորհել բացառության կարգով, քանի որ նա դեռևս չէր կրում միջազգային վարպետի կոչում։ Նա դարձել է գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։
Խորհրդային անվանի գրոսմայստեր և շախմատային վերլուծաբան Ալեքսեյ Սուետինը 1985 թվականին Ռաֆայել Վահանյանին բնորոշել է որպես բնատուր մեծ տաղանդի տեր շախմատիստի։ Նրա հետ անցկացնելով մի քանի պարտիա՝ Սուետինն զգացել է հայ գրոսմայստերի մեծ ներուժը. «Նա ունի շախմատային ճակատամարտը վարելու հոյակապ զգացողություն և կարողանում է ճիշտ պահին ուժեղացնել խաղը, թեև ոչ միշտ է հաշվարկում տարբերակները՝ հույսը դնելով իր բնատուր շախմատային հոտառության վրա»։ Ըստ Սուետինի՝ «շախմատային տախտակի առջև Վահանյանը վախի կամ անվստահության զգացողություն չունի։ Նա մշտական լավատես է, միշտ պատվախնդիր է և բռնկուն բնավորություն ունի»։