«Ժողովուրդ». 2018-ին Փաշինյանը ասում էր, մի բան, իսկ 2020-ին անում՝ այլ բան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2018 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է ժամ առաջ վերջ դնել: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը: Իսկ այն դեպքերում, երբ, այնուամենայնիվ, բանը հասնելու է տուգանքին ու տուգանելուն, այն ոչ միայն իրենց չափով, այլև իրենց հաճախությամբ պետք է համապատասխանեն Հայաստանում հաստատված ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակին և ընդհանրապես տրամաբանությանը»:
Սակայն իրականում սկսած 2020 թվականից, երբ երկրում սահմանվեց սահմանափակումներ՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, Հայաստանի կառավարությունը բազմաթիվ տուգանքներ սահմանեց քաղաքացիների նկատմամբ, այն շարունակվեց և ավելացվեց անգամ պատերազմի ժամանակ՝ տեղեկատվության սահմանափակման վերաբերյալ տուգանքներով, որից հետո, արդեն բազմաթիվ նոր տուգանքներ ի հայտ եկան։ Ընդ որում, շեշտենք, որ տուգանքի յուրահատուկ ձև են նաև հարկերն ու տուրքերը, որոնք ավելացել են, նոր տեսակներ են ի հայտ եկել, որոնք չվճարելու դեպքում դարձյալ տուգանքներ են սահմանված։ Բերենք մի քանի օրինակ.
1. Շինթույլտվության տուրքերը թանկացել են 10 անգամ:
2. Այսուհետ հարկվում է բնակարանի վաձակալությունը՝ 10 տոկոսով:
3. Փողոցային երաժիշտները այսուհետ պետք է մինչև երեկոյան ժամը 9-ը նվագեն բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մետր հեռավորության վրա, իսկ 21:00-ից հետո՝ 100 մետր հեռավորության վրա։ Կարգը խախտելու համար սահմանվել է մինչև 800 հազար դրամ տուգանք։
4. Ծխելու դեմ պայքարի շրջանակներում բազմաթիվ վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանված:
5. Տուգանք է սահմանված հանրային սննդի վայրերում, ռեստորաններում աղաման դնելու համար, եթե այն հաճախորդը չի պահանջել։
6. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բարձրցվել են։ Այժմ այն հաշվարկվում է ոչ թե անշարժ գույքի կադաստրային, այլ շուկայական արժեքի հիման վրա: Գույքահարկ է վճարում անգամ վթարային շենքի բնակիչը։
7. Երևանի քաղաքապետարանը որոշմամբ Երևանի կենտրոնում կարմիր գծերի 12 հազար դրամ տարեկանվճարը դարձել է 160 հազար դրամ։ Նշվում է թե խնդիրը կենտրոնում մեքենաների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելն է եղել, սակայն այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է մյուս վարչական շրջաններում նույնպես վճար մտցվում։
8. Կրկնակի տուգանքի համակարգ է ներդրվել. եթե նախկինում վարորդները տուգանվում էին երթևեկության խախտումների համար, այժմ և՛ տուգանվում են, և՛ զրկվում են բալերից:
9. Երևանում փողոցային առևտրի համար սահմանված է տուգանք՝ գույքի խլումով:
10. Ոստիկանությունը բջջային հավելված է թողարկել՝ քաղաքացիներին կոչ անելով նկարել իրենց հանդիպած դեպքերը, որոնք կհամարեն խախտում և ուղարկել ոստիկանությանը՝ տուգանելու համար:
11. Ընդհանուր օգտագործման ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար տուգանքը մեծացել է:
12. Տուգանք է սահմանված ձմերուկը կտրտած վաճառելու համար:
13. Մաքսային հսկողության գոտում կարգի խախտման տուգանք է նշանակվել 200 հազար դրամի չափով:
Նշենք, որ պետական բյուջեում նախատեսված՝ իրավախախտումների համար պատժամիջոցներից 2023 թվականի մուտքերը կառավարությունը գերակատարել է դեռ օգոստոս ամսին։
Այս ամենին հավելենք 2022 թվականի նոյեմբերի 6-ի միջադեպը, երբ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատների մոտ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ինքնահրկիզվել էր։ Շրջակայքը հսկող ոստիկանները մարել էին կրակը, նրան հոսպիտալացրել։ Վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզում կատարած քաղաքացին 47-ամյա Ազիզ Ուսոյանն էր, որի եղբայրը հայտնել էր ինքնահրկիզման պատճառը. նրա եկամտի աղբյուրը երկաթյա և պլաստմասե իրերի հավաքում-հանձնումն էր։ ԴԱՀԿ-ն, սակայն, 10 հազար դրամի տուգանքի պատճառով մեքենան խլել էր տղամարդուց: Հուսահատ տղամարդը դիմել էր այդ քայլին՝ ինքնահրկիզումից առաջ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան