Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի մարտի 3-ից 6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress Barcelona 2025) միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտադիմումների ընդունման մասին։
Ցուցահանդեսը համարվում է ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջազգային միջոցառումներից մեկը, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենահայտնի և ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ համաշխարհային բջջային կապի օպերատորները և տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունները։
Նախարարությունը միջոցառմանը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների առաջարկած լուծումները, նորարարությունները և տեխնոլոգիական զարգացումները։ Սա բացառիկ հնարավորություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց արտադրանքն ու ծառայությունները միջազգային հեղինակավոր հարթակում։
Ցուցահանդեսին մասնակցելու համար հայտադիմումները կարելի է ներկայացնել մինչև 2024 թվականի նոյեմբերի 3-ը հետևյալ հղումով։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել միջոցառման պաշտոնական կայքում՝ MWC Barcelona 2025։