Իրականում կոռուպցիոն դեպքերի նվազում չունենք․ Սասուն Խաչատրյան
2024թ․-ի 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 1896 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1477 վարույթի դիմաց։ Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Նույն ժամանակահատվածում ավարտված վարույթները կազմել են 629, նախորդ տարվա ՝ 363-ի դիմաց։ Սույն թվականի 9 ամիսներին քննվել են 419-ով կամ 24,8 տոկոսով ավելի վարույթներ, իսկ ավարտված վարույթների քանակն աճել է 266-ով կամ 73,3 տոկոսով։ Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 114-ը»,- հայտնեց Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ 2024թ․-ի 9 ամիսների ընթացքում դատախազների կողմից ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդումը դադարեցվել է 428 անձի վերաբերյալ, որից 311 քրեական պատասխանատվությունից ազատվել են ՝ գործում զղջալու հիմքով։
Ինչ վերաբերում է կոռուպցիոն դեպքերի աճին, ապա Խաչատրայնն ասաց, որ մի քանի ամսվա տվյալների համաձայն՝ ունենք դեպքերի նվազում։
«Բայց ուզում եմ նշել, որ իրականում կոռուպցիոն դեպքերի նվազում չունենք, ունենք գրեթե նույն մակարդակի կոռուպցիա , ինչ ունեինք նախորդ տարի»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։