«Հրապարակ». Դեսպանների փոփոխություններ կլինեն. Վարչապետի խորհրդականը կնշանակվի՞ դեսպան Ուկրաինայում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ավելի քան 4 ամիս Ուկրաինայում անօրինական պաշտոնավարող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ագրեմանի հարցը կարծես լուծվել է, նա մեկնում է Իտալիա։ Դեսպան է նշանակվել 2021 թ. հունիսի 1-ին, 3 տարով, ժամկետը լրացել է 2024-ի հունիսի 1-ին, սակայն ո՛չ հետկանչի, ո՛չ ժամկետը երկարացնելու մասին ՀՀ ԱԳՆ-ն և ՀՀ նախագահը հրամանագիր չեն արձակել: ԱԳՆ-ն շուրջ 2 ամիս է՝ չի պատասխանում, թե ինչ հիմքով է Կարապետյանը շարունակում աշխատել։ Ուկրաինայում ՀՀ նոր դեսպանի թեկնածուի անուն ևս շրջանառվում է: Ըստ որոշ լուրերի՝ նախկին փոխվարչապետ, այժմ վարչապետի խորհրդական Համբարձում Մաթևոսյանն է Կիև գործուղվելու։
Մաթևոսյանը երեկ մեզ ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, շտապեց տեղեկացնել, որ ինքը վարչապետի խորհրդականն է.
«Ես ինձ շատ լավ եմ զգում այս կարգավիճակում և փորձում եմ կատարել ինձ տրված հանձնարարականները»։ Մաթևոսյանը սովորել է արտերկրում և աշխատանքային փորձ ունի Ուկրաինայում` 2013-2015 թթ. աշխատել է Դոնեցկում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։ Նա փոխվարչապետի պաշտոնից ազատվեց 2022-ի դեկտեմբերին՝ ՔՊ վարչության կեղծված ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա օգտին էլ են լցոնում արել։ Արդյունքում Մաթևոսյանը չդարձավ ՔՊ վարչության անդամ։ Բայց նրա աշխատանքից հատկապես դժգոհ էին` Բրյուսովի համալսարանի ընտրություններով պայմանավորված, երբ, լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահը, չկարողացավ անցկացնել Փաշինյանի թեկնածուին` Դավիթ Գյուրջինյանին, և ստիպված եղան վերջինիս ռեկտոր դարձնել խայտառակ օրինախախտումներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։