«Արվեստի աշխարհ մուտք գործող մեր պատանիները հաճելիորեն զարմացնում են մեզ». Մեկնարկում է համաեվրոպական ստեղծագործական մրցույթի ազգային փուլը
Հայաստանը 2024 թ․ պաշտոնապես միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթին։ «Ժառանգություն կերտողները» ստեղծագործական մանկապատանեկան մրցույթի հայաստանյան ազգային փուլը կազմակերպում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը լրագրողներին ասաց, որ այսօր արդեն երկրորդ անգամ Հայաստանում տրվում է «Ժառանգություն կերտող երիտասարդներ» մրցույթի մեկնարկը։
«Նախորդ տարի մեր առաջին փորձն էր։ Կարևոր է, որ երիտասարդներն առնչվեն իրենց մշակութային ժառանգությանը, խմբերով աշխատելով՝ բացահայտել իրենց ժառանգությունը համարող որևէ կարևոր արժեք՝ հուշարձան, ավանդույթ, դրա վերաբերյալ վիզուալ արտահայտչամիջոցներով ներկայացնել աշխատանք»,- նշեց նա։
Հարություն Վանյանն ասաց, որ ծրագիրը կդառնա ամենամյա։
6-17 տարեկան պատանիները հայկական ժառանգությունը համաեվրոպական մրցույթում ներկայացնելու համար մասնակցության հայտ պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը [email protected] հասցեով։ Տարիքային խմբերը՝ 6-11, 11-17։ Հայաստանյան ստեղծագործական փուլը կկայանա նոյեմբերի 1-դեկտեմբերի 28-ը, ազգային ժյուրիի կողմից մրցույթը կամփոփվի 2025 թ. հունվարի 28-ին, որից հետո մեր ազգային հաղթողը կներկայացվի եվրոպական ժյուրիի դատին։ Մրցույթին պետք է մասնակցել թիմային աշխատանքով (2-5 մասնակից)։
Այս տարի մրցույթին մասնակցելու են հետևյալ երկրները՝ Հայաստան, Ֆինլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Պորտուգալիա, Լեհաստան, Ուկրաինա։ Այս տարվա թեման է՝ «Ուղիների, ցանցերի և կապերի ժառանգությունը»։ Մասնակիցները պետք է բացահայտեն պատմություններ մեր ընդհանուր ժառանգության մասին։ 11-17 տարիքային խմբի համաեվրոպական մրցույթի հաղթողները 2025 թվականին կհրավիրվեն Ստրասբուրգ, որտեղ նրանց աշխատանքները կներառվեն հատուկ ցուցահանդեսում։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մարկետինգի պատասխանատու, մրցույթի համակարգող Հասմիկ Հախվերդյանն ասաց, որ մասնակիցները կարող են ներկայացնել տեսանյութեր, լուսանկարչական աշխատանքներ, գեղանկարներ, քանդակներ. «Մեր պատանիները կարող են կիրառել արվեստի բոլոր գործիքները, տեխնոլոգիաները»։
Գրականագետ, գրող, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանն ասաց, որ կարևոր նախագիծ է, որովհետև այս մրցույթում պատամությունն ու ժամանակակիցն իրար հետ զուգակցվում են. «Դրա հետաքրքրությունն այն է, որ մենք աշխարհում երևում ենք պատմական հին ազգ, որը նաև ընթանում է ժամանակին ընդառաջ»։
Համաեվրոպական ծրագրում Հայաստանի առաջին մասնակցությունը եղել է հաղթական. 2023-2024 թ.. մրցույթում մեր պատվիրակը եղել է «ՀԱՅելիցներ» թիմը Աբովյանից։ Թիմի անդամները վերջերս են վերադարձել Ստրասբուրգից։ Նրանք տեսահոլովակով ներկայացրել են Գեղարդ վանական համալիրն ու խաչքարերը։
Ասուլիսին ներկա Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի հայ պատանիների, երիտասարդների ներուժը, ովքեր նոր են մուտք գործում արվեստ, ասաց. «Բարձր եմ գնահատում մեր պատանիների ներուժը, որոնք ամեն անգամ հաճելիորեն զարմացնում են մեզ և պատրաստակամությամբ, և ուժեղ կամքով, և իրենց հիմնավորված պահանջատիրությամբ։ Երիտասարդները կարողանում են խորությամբ ընկալել։ Օրինակ, նախորդ տարվա երիտասարդներն ամբողջությամբ ընկալել էին ամբողջ նյութը։
Նյութն ուսումնասիրելու համար պատանիները, երիտասարդներն այցելում են գրեթե բոլոր թանգարաններ։ Սա նշանակում է այս ծրագրի կարևորությունը բազմապատկվում է, որ անկախ մրցույթից, մրցույթի արդյունքներից, պատանիները հաղորդակից են լինում մշակութային կյանքին։
Եվս մեկ առիթ է այս պատանիներին թանգարանային, մշակութային կյանքին ներգրավելու, ինչպես նաև կարևոր է, որ այս պատանիները շարունակում են մնալ թանգարանի ընկերները»։
Գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև թանգարանի մասնաճյուղերի արխիվներում հետազոտական աշխատանքը խրախուսվում է։
«Քանի որ կազմակերպիչը գրականության և արվեստի թանգարանն է՝ նախարարության համակարգմամբ, բնականաբար, առաջնահերթություն և խրախուսանք տրվում է այն խմբերին, որոնք կանդրադառնան թանգարանը ներկայացնող թեմաներին։
Այս թեման ներկայացնող լավագույն աշխատանքը կխրախուսվի առանձին մրցանակով նաև հենց Գրականության և արվեստի թանգարանի կողմից»,- ասաց Սյուզաննա Խոջամիրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան