ՌեԱ 16-րդ փառատոնը կկայանա գերհագեցած ծրագրով
Շուրջ 300 ֆիլմ 45 երկրներից, 35-ից ավելի միջազգային հյուր ու մասնակից, ներկայացուցիչներ հեղինակավոր մի շարք կառույցներից՝ այդ թվում Դիսնեյից, հետաքրքիր շնորհանդեսներ, կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր, վարպետության դասեր, հագեցած ու ընդլայնված ծրագիր՝ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնին։
Հոկտեմբերի 20-26-ը Երևանում արդեն 16-րդ անգամ տեղի կունենա «ՌեԱ» փառատոնը, որին ընդառաջ ներկայացվել են փառատոնի այս տարվա նորություններն ու սպասվող միջոցառումները։ Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին առանձնացրել է փառատոնի երեք կարևոր բաղադրիչ, որոնք այս տարի ավելի ընդլայնված են լինելու։ Առաջինը MarAni ֆորումը և անիմացիոն շուկան է, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-24-ը ՀԲԸՄ-ում։
«Միջազգային հյուրեր Ֆրանսիայից, եվրոպական այլ երկրներից խոսելու են անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կիսվելու են մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։ Մեր մյուս կարևոր բաղադրիչներից մեկը CoReAct համարտադրության հարթակն է, որն առաջին անգամ անցյալ տարի իրականացրինք։ Այս տարի համարտադրության համար 17 նախագիծ կա, որոնք ներկայացվելու են արտասահմանյան մասնագետների, պրոդյուսերների, առաջատար ընկերություններից՝ Եվրիմաժ, Cartoon media, «Անսի» միջազգային կինոփառատոնի անիմացիոն շուկա, France TV և այլն։ Մեզ համար, իսկապես, մեծ ձեռքբերում է ունենալ նման հեղինակավոր կառույցներից շուրջ 13 մասնագետ»,-նշել է Վրեժ Քասունին։
Այս տարի ևս կայանալու են ReA Comics Art ցուցադրությունները: Մրցույթին ներկայացված է եղել 25 կոմիքս, որոնցից մրցութային փուլ է անցել 14-ը։ Հոկտեմբերի 23-ին նաև տեղի է ունենալու «Սասունցի Դավիթ» կոմիքս գրքի ցուցահանդեսը։ Գիրքը նախորդ տարվա հաղթող նախագծերից է, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել այս տարի գարնանը։ Այս տարի ևս կոմիքսների մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված են միջազգային մասնագետներ։
«Իմ մեծ երազանքներից մեկն է ունենալ ReA Comics մատենաշար։ Եվ ուրախությամբ հայտնում եմ, որ արդեն երկու կոմիքս գիրք ենք թարգմանել՝ «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» և «Բռնցքամարտիկը»։ Այս գրքերի շնորհանդեսը լինելու է ReA Comics Art-ի շրջանակում»,-հավելել է Քասունին։
Այս տարի փառատոնին ևս ներկայացված են հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ ՌեԱ փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը՝ մեծ էկրանին: Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, տեղի կունենան Դիսնեյի լեգենդար 3 ֆիլմերի բացառիկ ցուցադրություններ՝ «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․կորսված կայսրությունը»։
Միջազգային ճանաչում ունեցող անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզը՝ Դիսնեյից, ինչպես նաև Դիսնեյի ռեժիսոր Աարոն Բլեյզը ևս կժամանեն Հայաստան՝ կիսվելու իրենց գիտելիքներով։ Քըրք Ուայզը կմասնակցի փառատոնի հատուկ միջոցառումներին և կխոսի իր մասնագիտական ուղու, անիմացիայի ոլորտում ունեցած փորձի և նորարարական մոտեցումների մասին։ Ռեժիսորի մասնակցությունը փառատոնին Հայաստանի համար կարևոր մշակութային իրադարձություն է․ նրա համբավն ու ստեղծագործական տեսլականն էական ազդեցություն կունենան միջոցառման էլ ավելի բարձր որակի վրա։