Կան արցախցի ընտանիքներ, որոնք մեկ տարի է ոչ մի ծրագրից չեն օգտվել, կառավարությունը ոչ մի քայլ չի անում. Լիաննա Պետրոսյան
«Հայաստանի կառավարության կողմից արցախցների աջակցության ծրագրերից այս պահին գործում է «40+10 հազար» ծրագիրը, հունիսից մեկնարկել է բնակապահովման ծրագիրը»,- «Մեդիա կենտրոնում» «Պետական օգնության բացերը. որքանո՞վ են հասանելի Կառավարության ծրագրերը տեղահանված արցախցիների համար» թեմայով ասուլիսում ասաց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
Նա նշեց, որ դեռևս կան անձինք, ովքեր երկամսյա 50 հազար դրամ աջակցությունները չեն ստացել, սպասում են ստանալուն։
Լ.Պետրոսյանը նաև ասաց, որ տարբեր պատճառներով աջակցության ծրագրերից դուրս են մնացել բազմաթիվ արցախցիներ։
«Կան ընտանիքներ, որոնք ավելի քան մեկ տարի ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել, կառավարությունը ոչ մի քայլ չի անում, որպեսզի այդ անձինք ընդգրկվեն ծրագրերում։ Թեպետ նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, նրանք մեծ բեռ չեն լինի կառավարության համար»,- ասաց Լ. Պետրոսյանը։
Նա նշեց, որ ձախողվել է բնակապահովման ծրագիրը։
«Հենց ծրագիրը մշակողներն են փաստում, որ, վերջին տվյալներով 1100 դիմում է ներկայացվել համակարգ, բայց այդ դիմումներից ընդամենը 30 հավաստագիր է մշակվել ու տրվել շահառուներին։ Ծրագիրը մշակողը ձախողել է»,- նշեց նա։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն ասաց, որ չափազանց բարձր շեմեր սահմանելու արդյունքում լինում են խնդիրներ։
«Ինչպես մնացած բոլոր ծրագրերի դեպքում, այս դեպքում էլ կան համակարգային լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ պետությունը պետք է անհապաղ ու արագ քայլեր ձեռնարկի, հատկապես, ինչպես իրենք են սիրում, քաղաքական որոշումների տեսանկյունից։ Առաջին ու ամենամեծ խնդիրն ու խոչընդոտն այն է, որ այս ծրագրի դիմելիության համար պարտադիր պայման է լինել Հայաստանի քաղաքացի։ Այն ընտանիքները, որոնք Հայաստանի քաղաքացիություն չեն ստանում, ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ։ Պետությունն այս կետը կիրառելով ու նման քաղաքականություն վարելով՝ խախտում է փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիան, որին միացել է Հայաստանը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր տեղեկություն ԼՂ հայրենակիցների համար՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ
- Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը դեկտեմբերին կավարտվի
- Ինչպես պետք է դիմեն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի երրորդ բաղադրիչի համար
- 10 հարց ու պատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին