Անզգայացման միջազգային օրն է
Հոկտեմբերի 16-ը բժշկական օրացույցում նշվում է որպես անեսթեզիայի (անզգայացման) համաշխարհային օր, որը խորհրդանշում է անեսթեզիոլոգների աշխատանքի գնահատումը, որոնք առանցքային դեր ունեն վիրաբուժական միջամտությունների ընթացքում պացիենտների անվտանգության ապահովման գործում:
ԵՊԲ համալսարանից հայտնում են, այս տարի օրը նշվում է «Բուժանձնակազմի բարեկեցությունը» խորագրի ներքո:
Անեսթեզիոլոգների համաշխարհային օրը կապված է պատմական իրադարձության՝ 1846 թվականին Թ. Մորթոնի և վիրաբույժ Ջ. Ուորենի կողմից իրականացված առաջին ընդհանուր նարկոզով վիրահատության հետ, որն արմատապես փոխեց վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի մոտեցումները:
Անեսթեզիոլոգիան տեխնոլոգիապես ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Այդ ժամանակից ի վեր անեսթեզիոլոգիան, որպես գիտություն, զգալի առաջընթաց է ապրել, և դարձել վիրաբուժության անփոխարինելի ուղեկիցը: Ժամանակակից անեսթեզիոլոգիայում օգտագործվում են նոր սարքավորումներ, անզգայացման նպատակով օգտագործվող նոր մեթոդներ և դեղամիջոցներ, մանիպուլյացիաների իրականացման նոր մոտեցումներ, որոնք բարելավել են անզգայացման որակը և ավելի անվտանգ դարձրել վիրահատությունները: