Արցախցի մայրերը մտահոգ են՝ կրթօջախներից, տետրերից, օրագրերից անհետացել են Արցախի քարտեզը, դրոշը, պատմությունը
«Արցախի մայրական համայնքը մտահոգ է. Արցախից բռնի տեղահանված ծնողների համար ցավալի ու հարցական է, թե ինչպե՞ս պիտի Արցախը մի օր վերադարձվի, եթե երեխաները չիմանան Արցախի տեղն ու պատմությունը»,- նշված է Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ ֆեսբուքյան էջում։
«Արցախի մայրական համայնքը մտահոգ է. կրթօջախներից, տետրերից, օրագրերից անհետացել են Արցախի քարտեզը, դրոշը, պատմությունը։ Մասնավոր ընկերություններից շատերը ևս սկսեցին Արցախի մասին իրենց պատկերացումներն արագ փոխել` տեղավորելով այն ադրբեջանական տրամաբանության սահմաններում։
Արցախից բռնի տեղահանված ծնողների համար ցավալի ու հարցական է, թե ինչպե՞ս պիտի Արցախը մի օր վերադարձվի, եթե երեխաները չիմանան Արցախի տեղն ու պատմությունը։
Մենք դիմել ենք տպագրատներից մեկին հասկանալու համար, թե ինչո՞ւ է նրանց կողմից հրատարակված օրագրերում Արցախի անունը միջազգայնորեն ճանաչված Nagorno Karabakh -ի փոխարեն կիրառված բուն ադրբեջանական խոսույթը` Karabakh։ Պատասխանը պաթետիկ էր ու իրենց օրագրերում ներկայացվածի հետ կապ չունեցող:
Նույն ձևով հետաքրքրվել ենք կրթության նախարարությունից ու պարզվում է նախարարության լիազորությունների սահմաններում չէ տպագրական գործունեությունը։ Ստացվում է նույն տրամաբանությամբ կամայական տպագրատուն կարող է թողարկել օրագրեր ու տետրեր Ադրբեջանի դրոշով, օրհներգով ու զինանշանով ու նախարարությունը անելիք չի ունենա նման պարագայում։
Նախարարությունից նաև վստահեցրին, որ կրթօջախներից արցախյան ատրիբուտիկայի հեռացման հետ ևս առնչություն չունեն»,- նշված է Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին