Խուզարկություն զանգերի կենտրոնում. խարդախների թիրախում բացառապես օտարերկրացիներ էին
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցում՝ վարձակալական հիմունքներով տրամադրվող գրասենյակային տարածքում, գործում է հատուկ կահավորված զանգերի կենտրոն, որում ներգրավված անձինք, չարաշահելով օտարերկրյա պետություններում գտնվող անձանց վստահությունը, հափշտակում են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
«Ձեռնարկվեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում հնարավոր եղավ պարզել նշված զանգերի կենտրոնի բուն գործունեությունը: Կենտրոնի անձինք ինտերնետային հեռախոսազանգեր էին հաստատում օտարերկյա քաղաքացիների հետ և, չարաշահելով նրանց վստահությունը, հափշտակում էին գումարներ: Ընդ որում, ենթադրյալ հանցավոր գործունեություն ծավալող անձինք տուժող քաղաքացիներին ներկայանում էին թե՛ որպես իրավաբանական ծառայություն մատուցող, թե՛ որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ»,-ասել է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Զանգերի կենտրոնի թիրախում էին հայտնվում բացառապես օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր արդեն իսկ դարձել էին խարդախության զոհ: Ձեռք բերելով անհրաժեշտ տեղեկություններ` կապ էին հաստատել տուժած անձանց հետ, ներկայացել իրավապահ գերատեսչության աշխատակից ու իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության անդամ, հայտնել, թե իբր իրենց կազմակերպությունն իրականացնում է հափշտակված ֆինանսական միջոցների բռնագանձման և վերադարձի գործընթաց, և դրա համար տուժած անձինք պետք է վճարեն տարաբնույթ միջնորդավճարներ:
Ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզվել են հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, դերային բաշխման մեխանիզմը, հանցավոր մեխանիզմի շրջանակներում օգտագործվող կեղծանունները:
Ըստ աղբյուրի, մինչ ոստիկանները ստուգում ու ճշտում էին ստացված տեղեկությունները, կազմակերպության ղեկավարները հանցավոր գործունեության բացահայտումը կանխելու նպատակով գրասենյակը տեղափոխում են Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի բազմաֆունկցիոնալ մի շինության 4-րդ հարկ:
«Ունենալով ամբողջ տեղեկատվությունը` մեր կողմից հաղորդում ներկայացվեց Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ»,-ասել է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:
Քրեական վարույթի շրջանակում իրավապահների համատեղ գործողություններն իրականացվել են հնարավորինս արագ: Խուզարկությունը կեսգիշերից քիչ անց կատարելու որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ ժամային գոտիների տարբերությունը հաշվի առնելով` հանցավոր կազմակերպության անդամները օտարերկրացի պոտենցիալ տուժողների հետ կապ էին հաստատում հենց գիշերը: Եվ սա իրավապահների գործողություններն արագացնելու միակ պատճառը չէր:
«Ամբողջացնելով ոստիկանությունից ստացված տվյալները, ինչպես նաև քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, հասկանալով, որ նշված վարույթով հապաղում թույլ տալ չի կարելի, քանի որ յուրաքանչյուր հապաղած օր իր հետ բերելու է նորանոր տուժողների, հոկտեմբերի 12-ին ոստիկանության հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն հանցավոր գործունեություն ծավալող հասցեում: Հայտնաբերվեցին քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, մասնավորապես` էլեկտրոնային ապացույցներ, ինչպես նաև քրեական վարույթով հնարավոր տուժողների և ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների վերաբերյալ տվյալներ»,-նշել է ՔԿ ՀԿԳ վարչության քննիչ Միլենա Մանուկյանը։
Խուզարկության արդյունքում և հետագա գործողություններով պարզվեց նաև, որ հանցավոր կազմակերպությունը հարկային մարմիններից թաքցրել է իրական գործունեության տեսակն ու եկամուտների չափը, որով խուսափել է հարկային մի շարք վճարումներից` պետությանը պատճառելով նյութական վնաս:
Ներկայումս ոստիկանությունն ակտիվ համագործակցում է օտարերկրյա իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է, հանգամանքները պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան