Մաhացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը
Կյանքից հեռացել է ֆրանսահայ խմբավար, կոմպոզիտոր Կարպիս Ափրիկեանը։ Լուրը հայտնում են ՀՅԴ անդամ, «հայաստան» խմբակցության պատգամավորը Լիլիթ Գալստյանը
Նրա ներկայացմամբ, երաժշտական եզակի ճաշակի, նվիրումի ու տաղանդի տեր մի արվեստագետ՝ ամենալայն ընդգրկումով։
«Ավելի քան վաթսուն տարի Ափրիկյանը եղել է Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի անխոնջ ղեկավարը։ Ի դեպ, երգիչների ճնշող մեծամասնությունը ոչ հայեր էին։
Ափրիկյանի տաղանդով ու դասական նրբաճաշակությամբ եվրոպացի երաժշտասերն հաղորդակից է դարձել Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Ալեմշահի խմբերգերի բացառիկ մեկնաբանություններին, ճաշակել մաքրամաքուր կատարումներ, բացահայտել հայ խմբերգային արվեստի, հայ հոգևոր երաժշտության դարերի կնիքն ու խորությունն ունեցող ժառանգությունը։
Ափրիկյանի վաստակը գնահատվել է, նա բարձրագույն պետական պարգևների է արժանացել իր ծննդավայր Եգիպտոսում, Ֆրանսիայում։ 2021-ին ստացել է Ֆրանսիայի բարձրագույն ՝ «Արվեստի և գրականության կոմանդորի» տիտղոս։
Ափրիկյանին գնահատել են նաև Հայրենիքում․ 2009-ին նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ։
2006/թե՞ 2007-ին, նա երկրորդ անգամ Հայաստանում էր՝ «Համազգայինի» հրավերով։ Արամ Խաչատրյան համերգասրահում իր ղեկավարությամբ և սիմֆոնիկի նվագակցությամբ հնչեցին Գ. Ալեմշահի «Ավարայրի ճակատամարտը» սիմֆոնիկ պոեմը, իր հեղինակած «Սասունցի Դավիթ» օրատորիան։ Ափսոսում եմ, որ այս գործերը ներառված չեն մեր երգչախմբերի երկացանկում․․․ Նաև վստահ չեմ, թե այդ համերգն արձանագրվել է։
Ինձ համար անգերազանցելի, անջնջելի զգացական էր, ցնցող Կանաչյանի «Նանոր»-ի Ափրիկյանի մեկնաբանությունը․ առաջին անգամ էի լսում․․․
Տարիներ անց էլ ականջներիս մեջ, հնչում են Մշո Սուլթան Սբ. Կարապետի եկեղեցու զանգերը, տեսնում եմ ուխտագնացների զվարթ երթը․ և այս ամենը երաժշտության լեզվով ու պատկերով, Ափրիկյան-Կանաչյան կախարդանքով՝ երաժշտական պոեզիայի ու երաժշտական պեյզաժի աներևակայելի զուգորդմամբ․․․
Կարպիս Ափրիկյանին, որ շատերի համար հայտնություն էր, հրավիրեցի Համազգայինի գրասենյակ՝ հանդիպելու երիտասարդ ստեղծագործողների հետ։
Ուսուցչի և իրական մտավորականի պարկեշտությամբ համաձայնեց։ Թանկ ու ջերմացնող հանդիպում էր, անկեղծ ու պարզ մտավորականի անպաճույճ զրույց։
Խմբային այս նկարում հանդիպման մասնակիցներն են, նրանցից շատերը շարունակում են ստեղծագործել՝ գրողական կամ արվեստագետի սեփական ձեռագրով։
Ես հիշում եմ Կարպիս Ափրիկյանին՝ համեստ, իրական մտավորականի ու արվեստագետի խոնարհ ու չպարտադրող ներկայությամբ, մի քիչ տխուր․․․
Հաճախ եմ հիշել իրեն՝ «Նանոր» լսելով երախտագիտությունս փարատել, տարածություն կրճատել, մեր իսկական տեսակով նորոգվել․․․
Հիմա էլ եմ տխուր, շատ տխուր՝ տեսակի վերացման զգացողությամբ․ մոհիկանի չլրացվող բացատի ցավոտ արձանագրությամբ․․․
Հավերժ հիշատակ և խոնարհում, մեծ երաժիշտ, արվեստագետ և մարդ, սիրելի Կարպիս Ափրիկյան»,- գրել է Լ. Գալստյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան