Առաջին անգամ ապահովագրական ոլորտում՝ ռազմավարական մեծ ծրագիր․ «Նաիրի Ինշուրանս»-ի կրթական ներդրումը
Այս տարի «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, որդեգրել է բարձրակարգ, որակյալ կրթությանը սատարելու և աջակցելու ռազմավարություն։
Այս նպատակով ընկերությունը ոչ միայն դարձել է Koreez համադպրոցական առցանց մրցույթի ռազմավարական գործընկեր, այլև ուսման 4 տարիների ընթացքում վարձավճարը ամբողջովին փոխհատուցող կրթաթոշակներ սահմանել Հայաստանի առաջատար բուհերից 3-ի՝ ֆինանսատնտեսական ուղղվածությամբ մասնագիտությունների գծով։
Ստորագրվել են համապատասխան հուշագրել ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև։
Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Փայտյանը լրագրողների հետ հանդիմանը մանրամասնեց՝ կրթաթոշակ կսահմանվի այն ուսանողների համար, որոնք եռակողմ հուշագրերի դեպքում կլինեն «Կորիզի» շրջանավարտ և բարձր միավորներով կընդունվեն ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն և կառավարում» և «Մաթեմատիկայի և մեխանիկայի» ֆակուլտետի «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» գործ և ՀՊՏՀ-ի «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» ֆակուլտետների վճարովի համակարգ։
Ֆրանսիական համալսարանի դեպքում՝ միակ նախապայմանը բարձր միավորներով «Ֆինանսներ» ֆակուլտետի վճարովի համակարգ ընդունվելն է։
«Շատ կարևոր է համագործակցությունը մասնավոր ընկերության և համալսարանի միջև, դրա արդյունքում բուհը կարողանում է արագ արձագանքել փոփոխություններին և ուսանողներին տալ այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք վերջիններս կօգտագործեն աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար»,-ասել է հուշագրին միացած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։
Երևանի պետական համալսարանի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն էլ նշել է, որ այսպիսի նախաձեռնությունները չափազանց կարևոր են կրթական միջավայրի բարելավման համար։
Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամն ունի «Բանկային գործ և ապահովագրություն» ֆակուլտետ, որտեղից ուսանողների մեծ հոսք է նկատվում դեպի այլ ֆակուլտետներ։
«Ուսանողներն այս ուղղությունը թերագնահատում են, համալսարանի կողմից ջանքեր կիրառվում են, որպեսզի նրանք հետաքրքրվեն ոլորտով»,-ասել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը՝ որպես օրինակ նշելով, որ 2018-24 թթ ընկած ժամանահատվածում 119 ուսանողից 110-ն իրենց վեցամսյա պրակտիկան իրականացրել են բանկում, ընդամենը 9 ուսանող՝ ապահովագրական ընկերությունում։
«Ուրախ ենք, որ խնդրով մտահոգ նման ընկերություններ կան»,-ասել է Ասյա Մովսիսյանը։
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ, խոսելով խնդրի մասին, նշել է, որ ոլորտի գրավչությունը նվազել է, և իրենք տարեցտարի ավելի դժվարությամբ են կարողանում համալրել թիմը որակյալ կադրերով։
«Այս արշավը նախաձեռնեցինք, քանի որ ունենք սոցիալական պատասխանատվություն. կրթությունն ուժեղ երկիր կառուցելու ամենամեծ հենքն է։ Մեր նպատակն այս ոլորտում առկա գրավչության ապահովումն է։ Զրուցել ենք նաև ոլորտը կարգավորող մարմնի՝ ԿԲ-ի հետ, և հասկացել, որ ուղղակի նախաձեռնություն է պետք։ Սա ընկերության նախաձեռնած մեծ ծրագրի սկիզբն է։
Մենք մեծ ցանկություն ունենք, որ ուսանողը, որը հետագայում կընտրի «Նաիրի Ինշուրանսի» հետ աշխատանքային հարաբերություն կառուցելու ճանապարհը, հստակ պատկերացնի գործատուին, տեսնի մասնավորի գրավչությունը, որպեսզի իր ընտրության մեջ չսխալվի։ Անելիք ունենք ոչ միայն կրթաթոշակի սահմանման, այլև ոլորտն առավել գրավիչ դարձնելու համար»,-ընդգծել է ընկերության տնօրենը։
«Կորիզ» կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ աշակերտի գլխավոր խնդիրը կրթության գործընթացում ամեն օր ինքն իրենից մի փոքր ավելի լավը լինելն է։
«Եթե աշակերտն այդ առաջընթացն ունենում է, ապա տարվա վերջում ներկայացվում է կրթական «Օսկարի», որտեղ հաղթում է աշակերտը, իր ուսուցիչը, տնօրենը՝ ամբողջ շղթայով։ Այս տարի այդ գաղափարն էլ ավելի ամրապնդեցինք՝ աշակերտին ասելով, եթե ընտրես մեր երկու գործընկեր բուհերին՝ ԵՊՀ-ին կամ ՀՊՏՀ-ին, ապա 11-րդ դասարանից սկսած՝ «Նաիրի ինշուրանսը» կհոգա քո 4 տարիների կրթության վճարը, հետագայում արդեն ապահովելով նաև աշխատանքով»,-նշել է Ալոյանը։