Սյունիքում օրեր առաջ երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։
ՔԿ փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41–ամյա և 36–ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41–ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։
Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:
Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝ 41–ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36–ամյա տղամարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․–ի, և Գ․Ա․–ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:
Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան