Բիզնեսը փախչում է Հայաստանից. Վարդան Արամյան
2025 թվականի բյուջեի նախագծում արհեստավարժությունն ու պոպուլիզմն առճակատման մեջ են: 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը՝խոսելով 2025 թվականի բյուջեի նախագծում արձանագրված կանխատեսումների մասին։
«Մի կողմից՝ բյուջեի ուղերձում կարդում ենք պոպուլիստական ցանկություններ, թե Կառավարությունը հավակնում է 7 տոկոսանոց տնտեսական աճի, կամ խթանում է ներդրումները, մյուս կողմից՝ տեսնում ենք ֆինանսների նախարարության ներկայացրած արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք խիստ բացասաբար են ազդելու տնտեսության վրա»,-ասել է նա ու մանրամասնել. «Ինչու պոպուլիստական, որովհետև մի կողմից՝ խոսում են օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման մասին, բայց ունենք արտահոսք և իրականության մեջ բիզնեսը Հայաստանից ուղղակի փախչում է։ Վերջին 6 ամսվա ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները դիմաց մինուս նշանն է դրված։ Բիզնեսը փախչում է, որովհետև մի կողմից՝ կան անվտանգային խնդիրներ մեր երկրում, մյուս կողմից՝ տնտեսական քաղաքականությունում խոռոչներ, ինչն առաջանում է նրանից, որ Կառավարությունը պարզապես անիրատեսական թիրախներ է սահմանում, որին հասնել խիստ բարդ է․․․»։