Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Ֆրանսիայում Հհ դեսպանության հաղորդմամբ, սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է «Դիմադրության» շարժման հայազգի հերոսի անունը:
Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես են եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:
Դպրոցի բացման արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր ելույթում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երախտագիտության խոսք է ուղղել քաղաքապետ Կարլ Սեգոյին՝ Մանուշյանի անունով դպրոցն անվանակոչելու նախաձեռնության համար:
Դեսպանն ընդգծել է, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր բացառիկ պայքարի ու անմոռանալի սխրանքի, ինչպես նաև համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության կարևորագույն խորհրդանիշ, ով իր հերոսական և անձուրաց պայքարով շարունակում է ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։
Հանդիսավոր արարողության ավարտին դպրոցի սաները հանդես են եկել նաև Շառլ Ազնավուրի երգերի կատարումներով։
Միսաք Մանուշյանը 1931-1933 թվականներին ապրել է Շատնե-Մալաբրիում, Ժան Ժորեսի պողոտա, 44 հասցեում:
Հարակից հրապարակումներ`
- Միսաք Մանուշյանի անվան պուրակում կանցկացվի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում
- «Ոսկե ծիրան»-ին կցուցադրվի «Միսաք և Մելինե Մանուշյան» վավերագրությունը
- Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարման արարողություն՝ Ֆրանսիայում
- Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը
- Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի արխիվից երեք նմուշ կցուցադրվի Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին