Արցախյան շունչ ու կոլորիտ, համ ու հոտ Հայաստանում՝ «Արցախի օրեր»-ի շրջանակում
Ավանդական խաղեր, երգ ու պար, վարպետության դասեր, ցուցահանդես ու տոնավաճառ…Եվ այս ամենն արցախցիների մատուցմամբ։ Երեք օր Հայաստանի տարբեր շրջաններում զգացվելու է արցախյան շունչն ու կոլորիտը, արցախյան ավանդական ուտեստների համն ու հոտը, ներկայացվելու է արցախյան հարուստ մշակույթը:
«Արցախի օրեր» միջոցառումների շարքը կսկսվի հոկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին, Երևանի կինոյի տանը: Բացման համերգին ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը, ցուցահանդեսին կներկայացվեն «Դիզակի գույները» կտավները և արցախցի նկարիչների ստեղծագործությունները։
Հոկտեմբեր 19-ին ժամը 15:00-ից, Մասիսի կենտրոնական այգում ելույթ կունենա «Դիզակ ԱՐՏ» ՀԿ երգի-պարի համույթը, տեղի կունենան արցախյան ավանդական ուտեստների համտես, արցախցիների կողմից ձեռագործ իրերի ցուցադրություն և վաճառք։
Հոկտեմբերի 20-ին ժամը 13:00-ին, Մեղրաձորում՝ Կճուճներ կոչվող տարածքում, տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթը` «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։
«Դիզակ ԱՐՏ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումների շարքը մի քանի նպատակ ունի. «Ուզում ենք բոլորին հաղորդակից դարձնել արցախյան մշակույթին, ամեն ինչ անում ենք պահպանելու Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Նպատակն է ոչ միայն պահպանել մեր երգն ու պարը, արհեստն ու արվեստը, այլ նաև հանրայնացնել, ստեղծել համագործակցության հարթակ»։
Միջոցառումների անցկացման վայրերը պատահական չեն ընտրված։ Երազիկ Հայրիյանի խոսքով, հաշվի են առել, որ արցախցիները բռնի տեղահանությունից հետո ավելի շատ Կոտայքի ու Արարատի մարզերում են տեղավորվել, ընտրել է հենց Մասիսն ու Մեղրաձորը։
«Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, փորձեցինք դուրս գալ ու նաև մշակութային աշխուժացում ստեղծել մարզերում»,- նշեց նա։
Խոսելով «Գուպար» ազգային խաղերի մրցույթի մասին, Ե.Հայրիյանն ասաց, որ այդ խաղերը ծնունդ են առել Արցախում, որտեղ երեք անգամ անցկացվել է մրցույթ (առաջինը Հադրութում), և որպես հաջողված ծրագիր՝ ուզում են շարունակել իրականացնել նաև Հայաստանում։
Նա ասաց, որ միջոցառումների անցկացման համար համագործակցում են Կինոյի տան, Մասիսի ու Մեղրաձորի համայնքապետարանների հետ, միջոցառումների անցկացման տարածքները տրվել են անվճար։
Լուսանկարները՝ «Դիզակ ԱՐՏ»-ի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին