Գազարագույնի մեջ
Ըստ միջազգային իրավապաշտպան Freedom House-ի 2024 թվականի «Համացանցի ազատությունը» զեկույցի՝ Հայաստանը համարվում է «ազատ երկրների» շարքում: Զեկույցն ընդգրկում է 2023 թվականի հունիսից մինչև 2024-ի մայիսն ընկած ժամանակահատվածը՝ ինչ-ինչ չափորոշիչներով հավաքելով 74 միավոր հնարավոր 100-ից:
Նույնպիսի «ազատության» մեջ է հարևան Վրաստանը՝ նույնքան միավորով։
Նայելով Հայաստանի ու Վրաստանի քաղաքական հեղհեղուկ տատանումներին, մի կողմից կարելի է հասկանալ, թե ինչու ասենք ֆեյսբուքը, որպես համացանց. որ սկզբունքորեն զբաղված է ուղեղներ մաղելով, արդուկելով, լցնելով, ազատ է թողել Հայաստանին ու Վրաստանին իր դաշտում։
Մյուս կողմից՝ ֆեյսբուքը ինքն է խմբագրի դեր ստանձնել՝ որոշելով, թե ինչը պիտի երևա շատ ընթերցողների, ինչը պիտի արգելափակվի, այնպես որ՝ իշխանություններին մնում է միայն համագործակցել այդ «խմբագրի» հետ, այլ ոչ թե ուղիղ արգելել գրառումները։
Թեպետ՝ այստեղ էլ խնդիր կա՝ քանի մարդ ձերբակալվեց, կալանավորվեց, դատական ընթացքում հայտնվեց 74 միավորանոց համացանցային այս «ազատության» մեջ գտնվելով հետապնդվեց՝ խոսքի ազատության դեմ։
Իսկ գուցե համացանցը խա՞յծ է՝ երևան հանելու ու ճանաչելու ազատ մտածողներին կամ խոսողներին։
Մյուս կողմից էլ Փաշինյան Նիկոլի ու Հակոբյան Աննայի համացանցային ու այլևայլ ազատության մեջ ոչ ոք չի կասկածում՝ ճոխության, լկտիության, անպատասխանատվության, անամոթության ինքնակամ ցուցադրություն, որ, հարկավ, աննախադեպ կարող էր բարձրացնել երկրի համացանցային ազատության պատրանքը։
Վերջերս ֆեյսբուքը կրկին արգելափակեց ու ջնջեց Panorama.am-ի էջում դրված հրապարակումը՝ «Ժրաջան ԱԱԾ», որը փաստական ներկայացնում էր Ջոն Կիրակոսյանի անվ. դպրոցում ԱԱԾ՝ երեխաներին ու ուսուցիչներին ահաբեկող գործողությունը։ Ֆեյսբուքը գտել էր, թե հրապարակումը նպատակ ունի սեղմումներ հավաքել ու էությամբ արժանահավատ չէ, այն դեպքում, երբ լրատվամիջոց ու օգտատեր չէր մնացել, որ թեմային չանդրադառնար։ Գուցե պատճառը լղոզված լուսանկարն էր, որտեղ աածիստները թևերը ոլորած դպրոցից քարշ տալով հանում էին ուսուցչին՝ երեխաների աչքի առաջ։ Ու ինչի համար, եթե ոչ «կլիկների»։
Ի դեպ՝ ադրբեջանը 34 միավորով, Իրանը 12, իսկ Թուրքիան 31 միավորներով ոչ ազատ երկրների թվում են։ Այն երկրները, որոնք ապրում են իրենց շահով՝ ցանկացած գնով, ոչ թե այլոց հաճոյանալու համար։ Այսպիսի «ազատություն» ու անազատություն։
Այս ամենը նման է «Ազատության» ռադիոկայանի տեղակայման ու այն հեռարձակվող երկրների չհամընկնելու ֆենոմենին։ Նաև՝ Մարտի 8-ը հնարողների ու այն տոնողների տեղային անհամատեղելիությանը։
Ուստի՝ վաստակե՞լ են իրենց աշխատավարձը, գտե՞լ են, քննե՞լ են ազատության բոլոր երանգները, և հետաբար՝ ազա՞տ են Freedom House-ի այս զեկուցը գրողները՝ դատեք ինքներդ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին