Էկոնոմիկայի նախարարությունը պետք է անհապաղ ճշտի՝ ռուսական շուկայից հանված հավելումներն առկա՞ են հայաստանյան շուկայում
«Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումները միշտ մեր երկրում եղել են կռվախնձոր, չգիտես ինչու, բոլորը մոտիվացաված են եղել այդ հավելումները ստուգել, տարբեր մարդիկ, կառույցներ կարծել են, որ դրա պատճառը կոռուպցիոն մեծ ռիսկերն են ու փող աշխատելու ցանկությունը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Ռոսպոտրեբնադզորի տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ Ռոսպոտրեբնադզորը ապրանքների պետական գրանցման վկայագրերի միասնական ռեգիստրի մոնիտորինգի ժամանակ հայտնաբերել է Հայաստանի լիազոր մարմինների կողմից գրանցված 48 կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության օրենսդրության ակտերի պարտադիր պահանջներին։
«Պետք է հասկանալ, այն հավելումները, որոնք ռուսական ցանցից հանվել են, մեր շուկայում կա՞ն, թե՞ չկան, քանի որ կան հավելումներ, որոնք մեզ մոտ գրանցվում են, բայց վաճառվում են միայն Ռուսաստանում, կան հավելումներ էլ, որոնք վաճառվում են նաև մեր երկրում։ Եթե կան այդ հավելումները, պետք է կասեցվի դրանց շրջանառությունը։ Պետական լիազոր մարմինները պետք է առաջին հերթին պարզեն՝ ո՞ր հավելումների մասին է խոսքը, որպեսզի մեր սպառողները դրա հետ կապված խնդիր չունենան»,-ասաց Պիպոյանը։
Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման մասին տեղեկատվությունը ռուսական կողմն ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելու և ապրանքների պետական գրանցման տրված սերտիֆիկատների վավերականությունը ստուգելու, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Panorama.am-ը խնդրի վերաբերյալ հարցումներ է արել էկոնոմիկայի նախարարություն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Խոստացել են հարցերին պատասխանել ավելի ուշ։
ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ հավելումները գրանցվում են լաբորատորիաների կողմից, իսկ ՍԱՏՄ-ում արդեն գրանցված հավելումները մուտք են արվում ռեեստր։
Մինչ Էկոնոմիկայի նախարարությունը կարձագանքի խնդրին, ՀԿ նախագահն ընդգծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որտեղ հավելումների արտադրության ոլորտում գործող ընկերությունների պետական գրանցում անում են նաև մասնավոր ընկերությունները, որոնք հավատարմագրվել են պետական մարմնի կողմից։
«Պետությունն այդ գործառույթը լիազորել է նաև մասնավորին։ Ավելին, պարբերաբար ահազանգեր են եղել այդ թվում ռուսական կողմից, որ շատ ընկերություններ, որոնք չեն կարողանում դրսում գրանցում անցնել, այսինքն խնդիր ունեն, Հայաստանում կարողանում են գրանցվել։ Իսկ դա կարող է լինել երկու դեպքում՝ երբ ավելի հեշտ է գործընթացը և կա կոռուպցիոն ռիսկ»,-ասաց նա։
Բաբկան Պիպոյանի խոսքով, էկոնոմիկայի նախարարությունն անհապաղ պետք է հանրայնացնի այն ընկերությունների անունները, որոնց գրանցած ապրանքը խնդիր ունի, ինչից հետո պետք է իրականացնի հիմնարար հետազոտություն՝ պարզելու, թե ինչպես է կատարվում պետական գրանցման իրավունք ունեցող ընկերությունների հավատարմագրումը, ինչպես են այդ ընկերություններն իրականացնում գրանցում։
«Պետք է էկոնոմիկայի նախարարությունը վերանայի հավատարմագրման ողջ շղթան, չափանիշները միասնական են ԵՏՄ անդամ երկրների համար, ուղղակի պետք է պատշաճ վերահսկողություն։ Պետք է հասկանալ, թե շղթայի ո՞ր օղակում է խնդիրն առաջանում՝ մասնավո՞ր, թե՞ պետական, պետք է հանրայնացնել խնդիրը եթե անգամ պետական հատվածում է, թե չէ ունենք դառը փորձ, երբ ձեռնտու է՝ հանրայնացվում է, երբ ձեռնտու չէ՝ դրա մասին լռում են։ Նաև ռեսուրսների գնահատում պետք է արվի, դրա արդյունքում եզրակացություններ արվեն ու պատշաճ քայլեր ձեռնարկվեն»,-ասաց Պիպոյանը։