ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, իսկ դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան
«Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ ուղղակորեն արձանագրվում է, որ Հայաստանի սահմանադրական, իրավական համակարգի մաս չի կազմում Անկախության հռչակագիրը»,- ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրական դատարան անվանումը կրող մարմինը որոշում է ընդունել, որ ՀՀ Անկախության հռչակագիրը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության մաս և չի գործում որպես գործող իրավական ակտ։
«Ուզում եք ասել՝ կարող էր, չէր կարող, լավ է արել, վատ է արել, դա արդեն օբյեկտիվ իրականություն է։ Արդյո՞ք իրավունք ուներ նման որոշում կայացնելու, արդյո՞ք կայացրած որոշումն իրավաչափ է։ Այստեղ է խնդիրը։ Իմ կարծիքով, պատասխանը ոչ է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ որ Հայաստանի «սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, այդ որոշումն ընդունելու հնարավորությունը չունի։ Դա կոչվում է պետական հեղաշրջում, ինչը քրեորեն պատժելի արարք է Հայաստանի Քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածներով, որը պետք է արժանանա համապատասխան արձագանքի։
Մենք պետք է խոսենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, այլ ոչ թե ասենք՝ սահմանադրական կարգը չի տապալվել, որովհետև ոչ մեկ չի կարող դա տապալել։
Փորձ է արվում, դեռևս 2018 թվականի աշնանից, իրականացնել, ցավոք սրտի հաջողությամբ, պետական հեղաշրջում. սկզբում ԱԺ գրավում, հետո դատարանների գրավում, հետո Սահմանադրական դատարանի գրավում 2020 թվականի փոփոխություններով, հիմա փորձ է արվում խարխլել սահմանադրական հիմքերը, այսինքն վերացնել Անկախության հռչակագիրը, հետո փորձ է արվելու վերացնել Սահմանադրությունը, հետո փորձ է արվելու՝ ասել, շատ դժվար ժամանակներում ենք ապրում, հետևաբար վարչապետին պետք է տալ արտակարգ լիազորություններ... Աշխարհը նման փորձ ունեցել է 1933 թվականին։ Ուղղակի որտեղ 33 թվականին այդ փորձը եղել է, պետությունը եղել է մեծ, ուժեղ, հզոր, հարևանների համար է եղել վնասակար։
Մեզ մոտ այդ փորձն արվում է դրածո իշխանությունների կողմից, դա վնասակար ու վտանգավոր է հայ ազգի ու Հայաստանի համար»,- ասաց Օրբելյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան