Առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է, ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն. Անդրեասյան
«Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել՝ նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին որոշակի տեղեկատվություն ստանալու համար»,-կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած ձերբակալության դեպքը։
Նա հայտնեց,որ խոսել է իրավապահ մարմիների իր գործընկերների հետ և առաջարկել, որ միասին հասկանան ընթացակարգերը և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվությունը տան, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ:
Շեշտելով որ ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է՝ ԿԳՄՍ նախարարը հավելեց. «Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են մնում են չլսված:
Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձհատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ ապա բացահայտվեն և օրենքի տեսանկյունից մինչև վերջ այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել օրինակ անհրաժեշտ որևէ գործողություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում և դպրոցի ուսուցչին տեղափոխել ՀՀ քննչական կոմիտե և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենի նորանշանակ ԺՊ-ին սվիններով են ընդունել. Նոր մանրամասներ
- ՈւՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրքերը չեն հանդարտվում. Նոր տնօրեն են բերում
- ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց