Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը. Բեքարյան
«Մենք հասել ենք այն վիճակին, որ անգամ կարիքը կա սեփական երկրի գոյության փաստաթուղթը՝ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, պաշտպանելու»,- ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։
Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը՝ նրա սահմանադրական կարգով, Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, գոյության իրավունքով։ Այսօր Հայաստանն ունի պաշտպանվելու կարիք սեփական իշխանությունից, նաև հանուն խաղաղության՝ արժանապատիվ, կայուն, երկարաժամկետ խաղաղության, հակառակ պարագայում՝ ինչ է տեղի ունենում. վերջին տարիները, այս բոլոր ասվածների ապացույցը, օրինակ առ օրինակ իրենց մեջ պարունակում են»։
Իր ելույթում, որը Կարեն Բեքարյանը վերնագրեց «Փաշինյանն ու Անկախության հռչակագիրը», հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։
«Թե ինչ կարգի մարտահրավերներ էր սա իր մեջ պարունակում՝ սկսած Արցախի սուբյեկտայնությունը տրորելուց, վերջացրած՝ ընդհանրապես բանակցային գործընթացը խարխլելու՝ ամբողջական իր գործելաոճի հատված լինելուց, սա տալիս էր բավականին լուրջ մտածելու տեղիք նույն միջնորդներին, համանախագահներին, թե այս պարագայում ինչպես վերադասավորել բանակցային գործընթացը, շատ լուրջ հարված էր ընդհանրապես բանակցային գործընթացին ու բանակցային գործընթացում հայկական կողմերի դիրքերին, շատ լուրջ գործիք էր սկուտեղի վրա նվիրած Ադրբեջանին։
Ի՞նչն է ամենահետաքրքիրը. 2022 թվականի նոյեմբերի 11-ի Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը ու երբ հարց է հնչում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հայտարարության հետ կապված, տալիս է շատ կարճ պատասխան՝ «հենվել եմ Հայաստանի Անկախության հռչակագրի վրա»։
Ես այստեղ մեր իրավաբան գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում։ Փաստացի ի՞նչ ենք ստանում. մարդը հենվեց, ինչպես հենվեց՝ այլ խնդիր է, Անկախության հռչակագրի վրա, ստեղծեց այդ մեծագույն ռիսկը, արհավիրքը, մարտահրավերների փունջը, «ինքնախոստովանանք» արեց, որ հենվել է Անկախության հռչակագրի վրա, դրանից չի անցնում երկու տարի ու մարդը պնդում է, որ մեր Անկախության հռչակագիրը, մասնավորապես, Արցախին վերաբերող կետով, չունի որևէ իրավական ուժ, չունի որևէ առնչություն Սահմանադրության և սահմանադրականության հետ, դրա վրա հենվելը հնարավոր չէ, նույնը դակում է Սահմանադրական դատարանը։
Պարզագույն հարց է առաջանում՝ պոզով-պոչո՞վ է լինում սահմանադրական կարգի խախտումը։
Հարց՝ դու խախտո՞ւմ էիր սահմանադրական կարգը, երբ հայտարարում էիր «Արցախը Հայաստան է և վերջ», թե՞ դու խախտում ես սահմանադրական կարգը հիմա՝ ասելով, որ Անկախության հռչակագրի վրա հենման տեղ չկա։ Այսինքն, որն էլ ընտրես, դու սահմանադրական կարգ ես տապալում։
Որտե՞ղ է հիմնական խնդիրը։ Իր երկրի համար ամենագերակա, առանցքային հարցի հետ կապված, այս մարդը սարքում է մեծագույն շփոթ՝ տալով դրանից բոլոր թշնամիներին օգտվելու շատ մեծ հնարավորություն։
Իսկ այդ օգտվելը փաստել են, դրա համար այսօր այս վիճակում ենք, և այս մեր վիճակը, գահավիժումը, ամբողջական արհավիրքը շարունակում է ընթանալ։
Շփոթը ստեղծվում էր ամենուր. ստեղծվում էր բանակցային գործընթացում՝ ես բանակցում եմ իմ սեփական կետից, ժամերի տարբերությամբ փոշմանեցինք, բանակցում եմ հիմք ընդունելով ունեցած ժառանգությունը, հետո նորից չէ՝ բանակցում եմ սեփական կետից, կամ՝ մենք համանախագահության ներքո ձևաչափի տակ աշխատում ենք, չէ մենք Դուշամբեի վերելակում ենք աշխատում։
Շփոթը տարածված էր ամենուր, լայն իմաստով բանակցայինի վրա, անհատապես, առանձնացված բանակցայինի յուրաքանչյուր դրույթի վրա, որտեղ հայկական կողմերը ունեին սեփական դիրքորոշում, տարիներ տարած տեսակետ՝ զարգացրած, միջազգային հանրության համար ընկալելի դարձրած։ Այդ շփոթի ներքո կործանվում էր ողջ ընթացքը։ Ամենաահավորն այն է, որ շարունակում է կործանվել»։
Հիշեցնենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են «Հայաստան» խմբակցության հրավերով, որի ընթացքում քննարկվում է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին. Ամբողջությամբ սնանկ վարչապետ, հոգիդ զղջալ չգիտի
- Գեղամ Մանուկյան. ԱԺ-ն պետք է դատապարտի Անկախության հռչակագրի ստորադասման, թերարժևորման, նվաստացման փորձերը
- Մենք ամեն ջանքով կասեցրել ենք Հայաստանի, մեր պետականության կորստի վերջնականացումը. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան