Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում․ Փաստաբան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․
«Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ ապօրինի և միայնակ պահում են ՀՀ ԱՆ «ԱՐՄԱՎԻՐ» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում։
Քրեակատարողական հիմնարկին դեռևս մեկ ամիս առաջ է զգուշացվել, որ Արմեն Մնացականյանն զբաղեցրել է զինվորական ծառայության բարձր սպայական պաշտոն և ունեցել համապատասխան զինվորական կոչում։ Ավելին՝ ներկայացվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տրված պաշտոնական պարզաբանումն առ այն, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Մնացականյանը։ Անտեսելով վերանշվածը՝ Արմեն Մնացականյանը ոչ միայն չի տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, այլև առնվազն 23 օր է՝ պահվում է ՔԿ հիմնարկի կարանտինային բաժանմունքում։ Ուղղակի հիշեցնում եմ, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի ուժով անձը վերոնշյալ բաժանմունքում կարող է պահվել առավելագույնը 7 օր, այն էլ բացառապես բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր և բանավոր եղանակներով տեղեկացրել եմ մաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որևէ արդյունք առ այս պահ չի արձանագրվել»։