Կոնսերվատորիայի ողբալի վիճակը հորդառատ անձրևից հետո. «Դե հիմա, ուրիշ պայման մենք այս պահին չունենք»
Երեկվա տեղատարափ անձրևներից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի որոշ լսարաններ ջուր է լցվել։ «Կոնսերվատորիայի Միասնական Շարժում» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակված, որտեղ երևում է՝ ջուրը կաթում է առաստաղից, հատակին դույլեր են շարված, դաշնամուրները պատված են ցելոֆանով։ Նման վիճակ է եղել բազմաթիվ լսարաններում։
Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ բավականին շատ լսարաններ ջուր է լցվել ու բոլորում եղել են երաժշտական գործիքներ։
«Գործիքները ջրի մեջ չեն, որ անմիջապես փչանան, ուղղակի եթե խոնավությունը երկար մնա շենքում, իհարկե, գործիքները կփչանան։
Գործիքները ցելոֆանապատված են, բայց խոնավ միջավայրն անթույլատրելի է։ Գործիքների համար անհրաժեշտ է կայուն ջերմաստիճան, նորմալ պայմաններ։ Դե հիմա, ուրիշ պայման մենք այս պահին չունենք»,- նշեց նա։
Ծ. Մովսիսյանն ասաց, որ գործիքները չեն կարող հանել այդ լսարաններից ու տեղափոխել այլ լսարաններ, քանի որ իրենց մոտ հիմնանորոգում է, նեղվածք է, ազատ տեղ չունեն։
Կառավարության որոշմամբ 2022 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։
«Շենքը վերանորոգվում է, առաջին կորպուսը դատարկված է։ Ինչ կա առաջին կորպուսում, տեղափովել է երկրորդ, երրորդ կորպուստներ։ Հիմա երկրորդ և երրորդ կորպուստների տանիքներն են նորոգում։ Ու հենց այդ տանիքների բաց լինելու պատճառով են անձրևաջրերը լցվել լսարաններ»,- ասաց Ծ.Մարտիրոսյանը։
Նա տեղեկացրեց, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել 2026 թվականի վերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան