Արագածոտնի դատախազներին հանձնարարվել է կիրառել ներգործության միջոցներ՝ պետությանը պատճառված վնասնը վերականգնելու համար
Ներկայում Արագածոտնի մարզի դատախազության դատախազների կողմից հսկողություն է իրականացվում կոռուպցիոն բնույթի 22, շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված 20, պետական իշխանության դեմ ուղղված 23 և տնտեսական գործունեության դեմ ուղղված 13 հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ, որոնցով քննության ներկա փուլում առկա տեղեկատվության համաձայն՝ պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասի չափը կազմում է շուրջ 600 միլիոն դրամ: Նման վիճակագրություն է ներկայացվել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասնակցությամբ Արագածոտնի մարզի դատախազությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ։
Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պարբերաբար պահանջել վերոնշյալ հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթները, տալ հանձնարարություններ, կիրառել հնարավոր բոլոր դատախազական ներգործության միջոցները՝ քրեական վարույթների պատշաճ և համակողմանի նախաքննությունն ապահովելու, պետությանը և համայնքին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
Հանրապետության գլխավոր դատախազին է զեկուցվել մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու վերաբերյալ մի շարք քրեական վարույթների ընթացքը: