Մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անհիմն է, Գագիկ Խաչատրյանին մուտքի թույլտվության և վիրահատության ձգձգման միտում ունի. Պաշտպան
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա չէ։
Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը նիստին ներկա չէ առողջական վիճակով պայամանվորված։ Նա հայտնեց, որ այսօր ժամը 10.30-ին շտապօգնության կանչ է եղել, ախտորոշվել են մի շարք խնդիրներ։ Դատավորին ներկայացվեց նաև համապատասխան բժշկական փաստաթուղթ։
Հանրային մեղադրողն ասաց, որ առանց ամբաստանյալի մասնակցության դատական նիստերը չպետք է կայանային. «Կարծեմ արդեն 4-րդ դատական նիստն է, որ չի ներկայանում ամբաստանյալը, բայց դատարանը դրա վերաբերյալ այլ դիրքորոշում ունի։
Նիստի շարունակությունը Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ, իմ կարծիքով, հնարավոր է միայն նրա ներկայության անհնարինությունը պարզելուն միտված գործողություններ կատարելու նպատակով։ Իսկ դա պարզելու նպատակով իմ կողմից ներկայացվել է փորձաքննության միջնորդություն, որը նախորդ նիստին հետաձգվել է ձեր կողմից այսօրվա դատական նիստին քննարկելու համար։
Հետևաբար, միայն իմ կողմից ներկայացված միջնորդության քննարկման մասով առարկություն չունեմ։ Ավելին՝ դա ուղղված է հետագայում պարզելու, արդյոք կարող ենք դատական նիստերը շարունակել, թե ոչ, ինչ որոշումներ պետք է դատարանը կայացնի»։
Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենց միշտ մեղադրում են դատական նիստերը ձգձգելու մեջ. «Եթե ես այսօր ուզում եմ դատական նիստը ձգձգել, ապա անմիջապես կմիանամ մեղադրողին, կասեմ՝ այո, առանց Գագիկ Խաչատրյանի ներկայության չի կարող նիստը շարունակվել, և մենք կհայտնվենք փակուղում։
Իսկ ես ասում եմ՝ Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ կարող է և պետք է քննարկել բոլոր հարցերը, որոնք վերաբերում են նրա առողջական վիճակին, նրա՝ Հայաստանի ելքի թույլտվություն տալուն, վիրահատություն ենթարկելուն, այդ թվում մեղադրողի կողմից փորձաքննության միջնորդության քննարկման առումով, քանի որ այդ բոլորը վերաբերում են կարևոր հարցի քննությանը»։
Դատավորը հայտարարեց, որ Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ դատական նիստը շարունակելու որևէ խոչընդոտ այս պահին առկա չէ։
Դրանից հետո Երեմ Սարգսյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով, թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի Գագիկ Խաչատրյանը՝ հիմնավորելով փաստաթղթերով։
«Մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունն անհիմն է, Գագիկ Խաչատրյանին մուտքի թույլտվության և վիրահատության ձգձգման միտում ունի։ Իսկ այս պրոցեսը հասցնում է անձին մահվան, այսինքն այս պրոցեսն աստիիճանաբար բերելու է այն վիճակին, որ կարող է անդառնալի լինել նույնիսկ կյանքի առումով։ Մինչև հիմա առողջության մասին էինք խոսում, հիմա արդեն կյանքի մասին»,- ասաց Ե. Սարգսյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստերին Գագիկ Խաչատրյանը դատարան էր տեղափոխվում շտապօգնության մեքենայով, բժիշկների ուղեկցությամբ։ Նա անվասայլակով էր։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Բանակցում են, որպեսզի Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում բռնագրավված առանձնատան վաճառքից գումարը վերադարձվի ՀՀ-ին
- Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են, նա չներկայացավ դատարան
- Իրենք հասցրել են այն վիճակի, որ քայլող մարդն անվասայլակին է գամված. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Դատական նիստն ընդմիջվեց Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկելու համար
- Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Խնդրում եմ՝ մերժել միջնորդությունը, Գագիկ Խաչատրյանի վիճակը բավականին վատ է․ փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան