Բերձորի (Լաչին) շրջանում ադրբեջանցիները հատել են մոտ 100 հա անտառ
Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանն ահազանգում է՝ Արցախի հանրապետության տարածքում շարունակվում են զանգվածային անտառահատումները։
«Վերջերս դիտարկել են Լաչինչ հատվածում տեղի ունեցող գործընթացները։ Մի քանի տարի շարունակ այս գործընթացը տեղի է ունենում հիմա արդեն ավարտին է մոտենում։ Լաչինի մի քանի գյուղերի հատվածում մեծ օդանավակայան է կառուցվել և հատվել է մոտ 100 հա անտառ։ Սա բավականին լուրջ բնապահպանական խնդիր է։ Այստեղ ոչ միայն օդանավակայան է կառուցվում, այլև այլ ենթակառուցվածքներ՝ բարձր վոլտային էլեկտրականության հանգույցներ և այլն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նպատակ ունի մի քանի բնակավայրեր վերաբնակեցնելու և որպես աշխատատեղ դիտարկում է հանքավայրերի բացումը։
«Հանքային տարածքներ են բացում՝ որպես ապրելամիջոց։ Արդյունքում նաև նոր ճանապարհների, հանքարդյունաբերության, այլ ենթակառուցվածքների բացման համար հատվում են զգալի քանակության անտառներ։ Ցավալի է, որ Արցախի հանրապետության լիազորված մարմինը կամ ոչ պետական կառույցները որևէ ձևով այս մասին չեն ահազանգում, որպեսզի դրսում տեսնեն, թե ինչ է կատարվում Արցախում ՝ բնական էկոհամակարգերի ոչնչացման խնդրի է։ Ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի համապատասխան մարմինները չեն խոսում այս մասին»,- ասաց նա։
Ղազարյանն այն համոզմանն է, որ այս հարցը պետք է բարձրաձայնել միջազգային հարթակներում։
«Միայն այդ ձևով կարող ենք ազդեցություն ունենալ թշնամու վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ COP29-ը այս հարթակներից մեկն է, որտեղ կարելի է խոսել և ՛ Արցախի, և Հայաստանի սահմանին տիրող բնապահպանական խնդիրների մասին։
«Մենք պետք է փորձենք ամեն կերպ որևէ կերպ ազդեցություն ունենալ արևելյան թշնամու վրա, այլապես անընդհատ կորցնելու ենք»,- եզրափակեց Ղազարյանը։
Նշենք, որ օրերս Ադրբեջանի Լաչինի շրջանի վերականգնման, շինարարության և կառավարման ծառայության գործադիր տնօրենի պաշտոնակատարը հայտարարեց, որ Լաչինի շրջանի Գորչու գյուղում միջազգային օդանավակայանի շինարարությունը, որը ժամում կսպասարկի 200 ուղևորի, մոտենում է ավարտին։ Այն զբաղեցնում է 5000 քմ տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը քանդել է Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցին ու տեղը մզկիթ կառուցում
- Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
- Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
- Ադրբեջանն օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի է վերածում