Սամվել Ալեքսանյանի՝ ՌԴ մուտքի արգելքը կազմակերպել է ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովը. 24news
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Սամվել Ալեքսանյանին շաբաթներ առաջ թույլ չէին տվել Մոսկվա մուտք գործել:
24news-ի աղբյուրները հայտնել էին, որ ՌԴ իրավապահները գտել էին նրա բիզնես հետաքրքրությունները Սոչիի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) հետ, որը գտնվում է հետախուզման մեջ միլիարդավոր ռուբլիների հասնող քրեական գործերի շրջանակում: 24News-ին, սակայն, հայտնի է դարձել, որ Ալեքսանյանի ու Ռոբսոնի բիզնես կապն ընդամենը առիթ է եղել, իսկ իրական պատճառը բացարձակապես այլ է:
«Այսպես, Ալեքսանյանը փորձել է իր գյուղատնտեսական ապրանքը մատակարարել Մոսկվայում հայտնի Food city մեծածախ կենտրոն, որը պատկանում է ՌԴ-ում բնակվող ու ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովին:
Վերջինս հայտնի է ՌԴ ուժային շրջանակներում իր ահռելի կապերով ու ազդեցությամբ: Իմանալով, որ Սամվել Ալեքսանյանը փորձում է մատակարարել իր բազաներ գյուղատնտեսական ապրանք, նա «խնդրել է» ՌԴ իրավապահ համակարգի իր մտերիմներին գտնել առիթ՝ Ալեքսանյանի մուտքը երկիր արգելելու համար, որից հետո էլ իբրև ֆորմալ առիթ «հայտնաբերել են» նրա ու Ռոբսոնի բիզնես կապերը: Մեկ այլ իբր բացատրություն էլ Ռուսաստանում գտել են Ալեքսանյանի շռայլ «նվիրատվությունները» ՔՊ-ին, որը գնահատվել է իբրև «ոչ բարեկամ ռեժիմների ֆինանսավորում»»,-գրում է աղբյուրը։