«Ժողովուրդ». ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը, նախատեսված է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել ըստ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է, որ գործընթացը հնարավոր է հետագայում՝ «Խաղաղության համաձայնագրի» ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, այնտեղ հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։
ԱԺ գլխադասային հանձնաժողովում հաստատվելուց հետո՝ կանոնակարգը պետք է մտնի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում առարկություններ չունեն և հաստատելու են կանոնակարգը։
«90%-ով հաստատելու ենք, եթե ՍԴ-ն էլ որոշում ունի, ինչո՞ւ չպետք է ընդունենք», – փոխանցեցին մեզ ՔՊ-ից:
Կարճ ասած՝ Իլհամ Ալիևի հերթական պահանջն էլ է կատարվում, իսկ Ադրբեջանում այս փաստաթղթի ընդունման գործընթացն անգամ չի մեկնարկել. իսկ միայն ՀՀ վավերացմամբ տվյալ փաստաթուղթը ոչինչ չարժե: Այն կգործի երկու կողմերի վավերացումից հետո միայն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։