«Ժողովուրդ». 4 տարի է իշխանությունները չեն կարողանում ավարտին հասցնել հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պետության բյուջեից հատկացվել է 43 մլն դրամ՝ «Սևան ազգային պարկի» Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության մշակման աշխատանքներն իրականացնելու համար, սակայն նախագիծը չի հաստատվել, «այն կյանքի կոչվել չի կարող, և այդ ուղղությամբ գումար չի ծախսվել»։ 2025 թվականին նախագծի իրականացման համար կհատկացվի 43 մլն դրամի 3 անգամ ավելին՝ 121 մլն դրամ։
Պատմությունը սկսենք սկզբից. 2022 թվականին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 4-ին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրային լողափերի և Սևան-Լճաշեն ճեմուղու նախագծի վերաբերյալ:
Հանրային լողափերի հասանելիությունը բարձրացնելու նպատակով խորհրդակցության ժամանակ քննարկվել էր մյուս հինգ լողափերը շահագործման հանձնելու, ինչպես նաև Լճափ, Շորժա, Նորատուս և Մարտունի համայնքներում ևս 4 նոր հանրային լողափեր ստեղծելու, հանրային բոլոր լողափերի համար չափորոշիչները լավարկելու հնարավորության հարցը, ինչպես նաև ներկայացվել էին «Սևան ազգային պարկ»-ի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագիծը, դրա իրականացման հետ կապված խնդիրներն ու լուծման տարբերակները։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու՝
Քննարկումից հետո ի՞նչ աշխատանքներ են կատարվել տվյալ նախագծի վերաբերյալ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 4-ը:
Արդյոք կառավարությունը ֆինանսական որևէ միջոց հատկացրե՞լ է նախագծի կյանքի կոչման համար և ինչքա՞ն գումար է ծախսել:
Երկու տարիների ընթացքում ի՞նչ առաջընթաց է գրանցվել հանրային լողափերը շահագործման հանձնելու մասով:
Ստացանք 4 էջանոց պատասխան, որի մեջ ուշագրավն այն էր, որ նախագծի ներկայացման ընթացքում առարկություններ չեն եղել, սակայն այն ունեցել է մի շարք թերություններ։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։