Երբ լեփ-լեցուն դահլիճը գիտի բոլոր երգերն անգիր ու պարում է 2 ժամ. Երևանում կայացավ Hayat project-ի մեծ համերգը
Ուրախ տրամադրություն, երգ, պար, անդադար ծափեր, մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն հայրենիքի զոհվածների։ Եվ այս ամենը մեկ վայրում՝ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, իսկ բեմում՝ Hayat Project-ն է։
Հոկտեմբերի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում խմբի 5-ամյակին նվիրված համերգին հնչեցին արդեն բոլորի կողմից սիրված երգեր, ներկայացվեց «Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը» երգի նոր տարբերակը, որում հնչում են Հայաստանի արդեն բոլոր քաղաքների անունները։ Համերգին մասնակցեց նաև Արցախի ջազ նվագախումբը, դերասանուհի Լիանա Վանոյանն, ով երկար ժամանակ համագործակցում է Hayat Project-ի հետ։
2 ժամ անընդմեջ դահլիճը, բառի բուն իմաստով, պարում էր ու երգում երգիչների հետ հավասար։
Hayat project-ի պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակներից մեկն իրականացավ. «Երբ հինգ տարի առաջ խոսում էինք մեր արտիստների հետ, այս մասին էինք իրենց ասում, որ դուք ելույթ եք ունենալու համալիրի բեմից, որը Հայաստանի ամենամեծ բեմն է ու ամենամեծ դահլիճն է։
Այս համերգը մեր հայաստանյան գերնպատակներից մեկն էր։ Շարունակելու ենք աշխատել, ստեղծագործել, այլ մեծ բեմեր ենք գրավելու ողջ աշխարհում։ Մեր հիմնական նպատակը հենց դա է։
Մենք տարին կփակենք Լոս Անջելեսում մեծ համերգով։ Իսկ հաջորդ տարվանից կսկսենք նորից»։
Նա նշեց, որ իրենք Հայաստանում կոտրել են կարծրատիպ. «Ասում են՝ հայերը թիմային խաղերի մեջ չկան։ Եթե մենք սա համարենք խաղ, մենք ստեղծել ենք թիմ ու այդ թիմը մի մարդու պես աշխատում է։ Թիմում, իհարկե, լինում են տարբեր կարծիքներ, տարաձայնություններ, բայց երբ կարողանում ես ճիշտ կառավարել, ղեկավարել՝ բոլորին հասկանալով, բոլորին առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելով, իսկ արտիստներն ամեն մեկն ունիկալ մարդիկ են, այդ պարագայում ստացվում է»։
Խոսելով երգերի ընտրության մասին՝ Վ.Կիրակոսյանն ասաց. «Դա պրոդյուսերական աշխատանք է։ Մենք մեր պրոդյուսերական թիմով նստում ենք, գծում մեր ռազմավարությունը։ Դա զուտ պրոֆեսիոնալ պրոդյուսերական աշխատանքի արդյունք է»։
Hayat project-ի պրոդյուսերներից է նաև խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։
«Բուռն ծափահարենք այս մարդկանց, ովքեր արդեն հինգ տարի ձեզ ուրախացնում են ու սեր պարգևում։ Ուզում եմ ծափահարեք ձեզ, որովհետև հենց դուք եք իրենց ստեղծել, լցրել այս հրաշալի դահլիճը»,- դիմելով հանդիսատեսին՝ ասաց Ռուբեն Մխիթարյանը։
Հատուկ համերգին մասնակցելու համար՝ Հայաստանի տարբեր շրջաններից մարդիկ էին եկել Երևան։ Հանդիսատեսը տպավորված ու բարձր տրամադրությամբ էր դուրս գալիս դահլիճից. «Հիացած եմ», «Հրաշալի», «Հիանալի համերգ էր», «Խոսքեր չունեմ նկարագրելու», «Սկզբից մինչև վերջ տարան հայրենասիրության թեման»...
Հիշեցնենք, որ 5-ամյակի առիթով Hayat Projet-ը ելույթ է ունեցել Մոսկվայում, եվրոպական քաղաքներում։ Իսկ առաջիկայում՝ նոյեմբերի 24-ին, բենդն իր անկրկնելի երգերը կկատարի Լոս Անջելեսի հանդիսատեսի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին